Home / Հայաստան / Կենսաթոշակային պարտադիր վճարումները ժողովրդի ունեզրկման գործիք են. ՀԱԿ

Կենսաթոշակային պարտադիր վճարումները ժողովրդի ունեզրկման գործիք են. ՀԱԿ

Հունվարի 1-ից սկսելու են գործել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքների այն դրույթները, ըստ որոնց, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ՝ կուտակային հիմնադրամներին: Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել և սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ, ասված է «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության տարածած հայտարարության մեջ:

«Մասնավորապես, Ֆեյսբուքի տիրույթում ձևավորվել են պարտադիր վճարումների դեմ ընդվզող քաղաքացիների խմբեր, որոնց մեջ ներգրավված մարդկանց թիվն արդեն մոտենում է 8 հազարի, ըստ էության, ձևավորվել է սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացիների մի նոր շարժում:

2010թ. փետրվարին հրապարակված «100 քայլ» ծրագրի 34 կետի համաձայն, ինչպես նաև 2010թ. սեպտեմբերին հրապարակված ՀԱԿ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի մեջ մենք ամրագրել ենք մեր մոտեցումները՝ հայտարարելով, որ լրացուցիչ կենսաթոշակի աղբյուր ենք դիտարկում քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումները, և որ «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին գործավորների և գործատուների մուծումները պետք է հանվեն հարկման բազայից»` շահագրգռելով մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, ի տարբերություն կառավարության ծրագրի, ուր տնտեսական շահագրգռվածության փոխարեն օգտագործված է հարկադրանքի մեխանիզմը:

Մենք համարում ենք պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներ ոչ այլ ինչ, քան կառավարության կողմից մոգոնված ժողովրդի ունեզրկման ևս մեկ գործիք, նախ՝ որովհետև նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը՝ տնօրինելու իրենց սեփականությունը, և երկրորդ՝ քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական և տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որևէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ:

Ուստի, մենք ընդունում ենք քաղաքացիների կողմից եկած առաջարկը և միանում ենք իրենց նախաձեռնությանը՝ ԱԺ-ում հրավիրելու արտահերթ նիստ, որի օրակարգում կդրվի պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման հետաձգումը 1 տարով՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», – ասված է ՀԱԿ խմբակցության տարածած հայտարարության մեջ: