Home / Հայաստան / Բերման ենթարկված արվեստագետներին մեղադրանք չառաջադրեցին (ՖՈՏՈ)

Բերման ենթարկված արվեստագետներին մեղադրանք չառաջադրեցին (ՖՈՏՈ)

00.25 «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի բերման ենթարկված բոլոր արվեստագետները դուրս են եկել ոստիկանության բաժնից: Արա Պետրոսյանը պատմել է, որ բաժնում իրենցից առգրավել են Շանթ Հարությունյանի պատկերով տրաֆարետը և ներկերը: Նրա խոսքով՝ արվեստագետները Հարությունյանի պատկերով գրաֆիտին անելուց հետո օգտագործած ներկերով տարաները նետել էին աղբաման, իսկ ոստիկանները, որպես իրեղեն ապացույց, աղբամանը բաժին են տեղափոխել: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ ոստիկաններն առգրավել են Արթուր Պետրոսյանի հեռախոսն ու տեսախցիկը: Առավոտյան հեռախոսը վերադարձնելու են, իսկ տեսախցիկը ուղարկելու են փորձաքննության:

Տեսանյութը՝ այստեղ:

23.50 Արաբկիրի ոստիկանության բաժնից րոպեներ առաջ դուրս եկան արվեստագետ Կարեն Օհանյանը և փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Վերջինս վերահաստատեց, որ արվեստագետներին բերման են ենթարկել 185-րդ հոդվածի կասկածանքով, սակայն նրանց մեղադրանք չի առաջադրվել: Էդգար Ամրոյանից, Արա և Արթուր Պետրոսյաններից այս պահին բաժնում մատնահետքեր են վերցնում, որից հետո նրանց էլ ազատ կարձակեն:  

23.20 Լրացել է արվեստագետներին փաստացի բերման ենթարկելու պահից երեք ժամը, որի ընթացքում բերման ենթարկվածներին պետք է կամ մեղադրանք առաջադրվի, կամ նրանք պետք է ազատ արձակվեն: Մեր թղթակիցը ոստիկանության բաժնի մոտից հայտնում է, որ առայժմ պարզ չէ, թե բերման ենթարկելու ինչ ժամ են գրանցել ոստիկանությունում: 

Նշենք, որ Շանթ Հարությունյանի գրաֆիտիները, որոնց համար ակտիվիստները բերման են ենթարկվել, արվել են ԱԺ պատերին: Ականատեսների փոխանցմաբ՝ այս պահին ոստիկանները մաքրում են պատերը:

22.30 Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հաղորդել է, որ արվեստագետներին բերման են ենթարկել քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի կասկածանքով (գույքը դիտավորությամբ փչացնելը կամ վնասելը): Քիչ առաջ ոստիկանության բաժին է եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Արվեստագետներին սատարող քաղաքացիները շարունակում են հավաքվել շենքի մոտ:

1police

21.30 Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում է գտնվում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Շենքի մոտ են նաև իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, արվեստաբան Վարդան Ազատյանը, մի քանի լրագրողներ, արվեստագետներ:

20.44 «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամներ Արա Պետրոսյանին, Կարեն Օհանյանին (գլխավոր լուսանկարում), Էդգար Ամրոյանին և Արթուր Պետրոսյանին այսօր երեկոյան Սահմանադրական դատարանի մոտից բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին: 

Բերման ենթարկվելու պահին նրանք Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիի վրա աշխատելիս են եղել:

2police 4police