Home / Հայաստան / Քննիչը փախել է Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակից. փաստաբան

Քննիչը փախել է Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակից. փաստաբան

Քննիչը անսպասելիորեն դադարեցրել է հարցաքննությունը և դուրս եկել Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակից՝ այլևս չվերադառնալով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են, և գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վարդան Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց»,- ասել է Բաղդասարյանը:

Միջադեպից հետո փաստաբանը զանգահարել է քննչական վարչության պետին` խնդրելով հանձնարարել քննիչին վերադառնալ և ավարտել հարցաքննությունը, բայց քննիչն այդպես էլ հետ չի եկել:

Հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանն ասել է. «Վարդան Պետրոսյանը ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին` առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:

Փաստաբանի խոսքով` Պետորսյանը մինչ օրս պատշաճ կերպով չի ծանուցվել, թե ինչում է կասկածվում:

«Օրենքով սահմանված է, որ կասկածյալը կարող է իմանալ, թե ինչում է ինքը կասկածվում: Օրենքով նախատեսված է, որ փորձաքննություններ նշանակելու մասին որոշումների պատճենները, այդ թվում նաև անվճար, կասկածյալը կարող է ստանալ, բայց փաստաթղթերն իր մոտ էին, չտվեց»,- ասել է Բաղդասարյանը:

Փաստաբանը նաև նշել է, որ Պետրոսյանին ձերբակալելուց ի վեր արդեն անցել է ավելի քան 24 ժամ, սակայն քննիչն առաջին անգամ է ներկայացել, բայց ոչ մի փաստաթուղթ այդպես էլ իրենց չի ներկայացրել, այլ փոխարենը թողել գնացել է հիվանդասենյակից:

«Արտառոց ոչինչ չկար, սովորական հարցաքննություն էր»,- կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքն է հայտնել Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 5 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: Վարդան Պետրոսյանը նույնպես տուժել է ու վիրահատության ենթարկվել: