Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյան, ոստիկանություն. ինչ էր կատարվում Երևանի կենտրոնում նոյմեբերի 5-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շանթ Հարությունյան, ոստիկանություն. ինչ էր կատարվում Երևանի կենտրոնում նոյմեբերի 5-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր 17:00-ի սահմաններում նախատեսված Շանթ Հարությունյանի շարժման աջակիցների «Անոնիմուսներ» դիմակներով երթն ավարտվեց սկսվելուց մի քանի րոպե անց՝ տասնյակ ակտիվիստների բերման ենթարկելով: Երթն անցկացնելու համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել 16-17դդ. անգլիացի հասարակական գործիչ Գայ Ֆոքսը, ով Հակոբ I-ին արքային գահընկեց անելու ծրագրի մասնակիցեր և որին ձերբակալել էին 1605 թվականի նոյեմբերի 5-ին: 

Այն պահին, երբ երթի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, փողոցի երթևեկելի մասում պայթուցիկներ գործադրվեցին: Epress.am-ի լրագրողը չի ֆիքսել, թե կոնկրետ ով է այն նետել: Ոստիկանության վարկածի համաձայն՝ պայթուցիկները գործադրել են ակտիվիստները, վերջիններս նշել են, որ դեպքի վայրում բազմաթիվ սադրիչներ են եղել:

Այդ պահին ոստիկանները սկսել են ուժ կիրառելով բերման ենթարկել ակտիվիստներին: Արդեն մի քանի ժամ անց խոսում էին 2 տասնյակից ավելի բաժին տարվածների մասին:

17:10-ի սահմաններում ոստիկանությունը բերման է ենթարկել Շանթ Հարությունյանին և նրա մի քանի կողմնակիցներին: Դրանից հետո ոստիկանական ուժերը պաշարել են Ազատության հրապարակը, սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժը, խոչընդոտել են լրագրողների աշխատանքին:

Ապա ոստիկանները սկսել են բերման ենթարկել պարզապես դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին: Նրանց թվում էր, մասնավորապես, ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը: Նախնական տվյալներով բերման են ենթարկվել նաև Լիպարիտ Պետրոսյան, Ալեն Սիմոնյանը, Վահագն Մինասյանը, Կարեն Հարությունյանը, Վրեժ Զատիկյանը, Դավիթ Հարությունյանը, Դավիթ Գևորգյանը, Գարիկ Յավրումյանը: