Home / Տեսանյութեր / Բուդաղյանի վրա կրակել են տանից, որտեղ միայն Սուրիկ Խաչատրյանն էր. փաստաբան

Բուդաղյանի վրա կրակել են տանից, որտեղ միայն Սուրիկ Խաչատրյանն էր. փաստաբան

Սյունիքի  նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանը կատարված դեպքերի չմոնտաժված տեսանյութը դիտելիս ամրապնդվում է վարկածը, որ Ավետիք Բուդաղյանի վրա կատարված վերջին կրակոցը, որը մահվան առիթ է դարձել, արձակվել է Խաչատրյանի տան ներսից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բուդաղյանների ընտանիքի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը: 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են:

Ըստ Ալումյանի՝ այն, որ կրակոցը եղել է վերևից, ապացուցվում է ոչ միայն դատաբժշկական փորձաքննությամբ, որի համաձայն Բուդաղյանի ստացած վերքը շեղ էր՝ վերևից ներքև, այլ այն, որ վերջին կրակոցներից մեկից հետո գնդակը դիպչում է ասֆալտին և կայծ է տալիս, ինչը երևում է տեսանյութում:

Ալումյանի խոսքով՝ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը ևս, երբ վիրավորված ընկած էր, տեսել է կայծ տան պատուհանից, և ձայն է լսել:

Փաստաբանը նշել է, որ Սուրիկ Խաչատրյանի կողմը հերքել է Բուդաղյանի այդ ցումցունքը: Այն հարցին, թե որքան է հավանականությունը, որ տնից կրակողը եղել է Սուրիկ Խաչատրյանը՝ Ալումյանը պատասխանել է, որ, համենայնդեպս, ըստ Խաչատրյանի կողմի ցուցմունքների, բացի Սյունիքի մարզպետից տանը այլ մարդ չի եղել:

Ալումյանը ցույց է տվել տեսանյութը նաև ապացուցելու համար, որ Ավետիք Բուդաղյանը որևէ ագրեսիա չի դրսևորել, այլ հակառակը՝ փորձել է հարթել կոնֆլիկտը, ուստի «աբսուրդ է ազատել կալանավորվածներին այն հիմքով, թե վերջիներս ինքնապաշտպանվել են»:

«Ավետիք Բուդաղյանը  չի իջնում մեքենայից երկար ժամանակ, հետո միայն տեսնելով, որ եղբայրը կոնֆլիտի մեջ է մտել, դուրս է գալիս և հրում է նրան և փորձում հեռացնել:  Նրա գործողությունների մեջ ագրեսիա չկա, ավելին նա հաշտարարի դերում է եղել», – ասել է Ալումյանը:

Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու մեղադրանքով, սակայն հետապնդում չի սկսվել, քանի որ նա մահացել է: Բուդաղյանին մեղավոր ճանաչելու քննիչի որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկում է: