Home / Հայաստան / Ոստիկանությունում խոշտանգվածը պահանջում է արձագանքել ՄԻԵԴ-ի վճռին ու պատժել մեղավորներին

Ոստիկանությունում խոշտանգվածը պահանջում է արձագանքել ՄԻԵԴ-ի վճռին ու պատժել մեղավորներին

2004-ին ոստիկանությունում խոշտանգտված Գրիշա Վիրաբյանը Վճռաբեկ դատարանից պահանջում է արձագանքել ՄԻԵԴ վճռին և քրեական գործ հարուցել մեղավորների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, 2004-ին ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Վիրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը:

Այս գործով, ըստ Զեյնալյանի, ՄԻԵԴ-ը ոչ միայն ճանաչել է Վիրաբյանի խոշտանգման փաստը, այլև նշել է, որ այդ խոշտանգումը տեղի է ունեցել նրա քաղաքական հայացքների պատճառով, այսինքն՝ խախտվել է Մարդու իրավունքների Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ նրա նկատմամբ կիրառվել է խտրականություն, ինչը տվյալ վճիռը դարձրել է աննախադեպ ԵԽ անդամ-երկրների դեմ մինչ այժմ կայացված վճիռների շարքում:

Բողոքող կողմը պահանջում է, որպեսզի Վիրաբյանին խոշտանգելու ապացուցված փաստի առթիվ քրեական գործ հարուցվի և մեղադրանք առաջադրվի նրան խոշտանգած ոստիկանների նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել 2004 թվականի ապրիլին, երբ ընդդիմության ցույցերի մասնակից Գրիշա Վիրաբյանին ոստիկանները տարել են Արտաշատի ոստիկանատուն, որտեղ էլ ողջ աշխատակազմով հինգ ժամ ծեծի են ենթարկել, հետո գցել են մեկուսարան: ՄԻԵԴ-ը վճռել էր Վիրաբյանին վճարել 31 հազար եվրո փոխհատուցում:

Վիրաբյանի խոսքով՝ իրեն խոշտանգողներից է եղել ներկայումս Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանը: ՄԻԵԴ-ի վճռում, որը ավելի վաղ հրապարակել էր իրավաբան Վահե Գրիգորյանը, այդ փաստը նույնպես արտացոլված է: Վճռում, մասնավորապես, ասված է.

«Դիմողը հայտնում է նաև, որ … այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա.Կ.-ն մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետև իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա.Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր [դիմողի] գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը:

Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «… [դիմողին տևական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո] որոշ ժամանակ անց [որոշ ոստիկաններ] դուրս եկան սենյակից և ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: [խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են] …»

27/04/2004թ.-ին դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել [Արտաշատի] ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին և իր հետ տանում այլոց: … Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետևում կանգնած: Նաև հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել և այդ վիճակում շարունակել էր ծեծը»: