Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարում տուժած աղջկա վիճակը ծանր է

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարում տուժած աղջկա վիճակը ծանր է

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 19-ամյա Տաթև Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Հանրապետական հիվանդանոցում գտնվող աղջկա վիճակին բժիշկներն այս պահին գնահատական տալ չեն կարող՝ երկարատև բուժում է պահանջվում: Ոտքերը ծանրոցներով կախված են, կոտրված են ազդրերը ու բազմաթիվ այլ վնասվածքների հետ մեկտեղ չեն կարողանում կարգավորել արյունը, որ վիրահատեն: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Տաթևի հորեղբոր կինը՝ Աննա Կարապետյանը, ով ավտովթարում մահացած 16-ամյա Էդգար Հակոբյանի մայրն է: Նշենք, որ «Նիվա» մակնիշի մեքենայում, որը բախվել է Պետրոսյանի BMW մեքենայի հետ, եղել են Հակոբյան եղբայրները՝ յուրաքանչյուրը որդու և դստեր հետ: Երկու երիտասարդները՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել են, հայրերը և դստրերը վնասվածքներ են ստացել:

«Տաթևի արյան տոկոսը անընդհատ ընկնում է, բարձրացնել չեն կարողանում: Լավ կլիներ, որ արդեն վիրահատած լինեին, վիճակը ստաբիլ չէ՝ վզի մոտ մեծ կոտրվածք ունի, փակ է, չենք տեսել, ոտքն է շատ վնասված, ազդոսկրերը, խնձորակները փշուր-փշուր եղած են, երիկամային վնասվածք ունի, ինչի հետևանքով երեխային հորիզոնական դիրքից շարժել չեն կարողանում», – պատմել է մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ Տաթևի գիտակցությունը տեղն է, բայց եղբայրների կորստի մասին դեռևս տեղյակ չէ:

«Չգիտենք՝ երբ ենք ասելու ու ով է ասելու: Երեխան անընդհատ հսկողության տակ է: Մայրը գնում է տուն, մղկտում, հետո արցունքները չորացնում, մտնում է երեխու մոտ», – ասել է Աննան:

Նա նաև պատմել է, որ բազմաթիվ վնասվածքներ ունեն նաև իր ամուսինն ու ամուսնու եղբայրը:

Դրա պատճառով ամուսնու եղբայրը չի մասնակցել ավտովթարում զոհված 2 տղաների հուղարկավորությանը, իսկ իր ամուսնուն մի կերպ տուն են բերել:

«Բժշկի եզրակացությունը հիմա ձեռքումս է՝ Հայկը (ամուսինը) ունի կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, թոքերի վնասվածքներ, ինչպես նաև վնասված է ուղեղը: Երկարատև բուժման կարիք կա, բայց իր մեջ խեղդվելով կողքներս նստած է: Աղջիկս՝ Էմման, հրաշքով է փրկվել, չնայած մի շարք վնասվածքներ ունի, սակայն, եղբայրների կորուստը ու մեր վիշտը տեսնելով, իր ցավերին կարևորություն չի տալիս», – ասել է Աննա Կարապետյանը:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանը, ով վթարի հաջորդ օրը վիրահատության էր ենթարկվել, դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում: Նրա վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել, բայց դեռևս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: