Home / Հայաստան / Ինչո՞ւ Տարոն Մարգարյանն անձամբ չի ներկայացնում հաշվետվությունն ԱԺ-ում

Ինչո՞ւ Տարոն Մարգարյանն անձամբ չի ներկայացնում հաշվետվությունն ԱԺ-ում

Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվել է, թե ինչու Տարոն Մարգարյանը համառորեն չի ներկայանում ԱԺ և անձամբ ներկայացնում հաշվետվությունը։

«Մի մարզպետ էլ կար, ոչ բյուջեին էր գալիս, ոչ կատարողականին (նկատի ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին – խմբ.), հանեցին, ոնց որ լավ նշան չի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Արեյանը պատասխանել է, թե Տարոն Մարգարյանի լիազորությամբ և հանձնարարությամբ ինքն է նախագիծը ներկայացում ԱԺ-ում:

«Ինչ վերաբերում է Ձեր՝ կենդանակերպի և գուշակությունների փիլիսոփայությանը՝ գուշակեք այլ անձի շուրջ»,- պատասխանել է Արեյանը, ինչին Փաշինյանը տեղից արձագանքել է. «Ո՞ւմ, Սերժ Սարգսյանի՞»:

Նա նաև Կամո Արեյանից հետաքրքրվել է, թե ինչու քաղաքապետարանը բյուջետային միջոցները նպատակային չի օգտագործում, քանի որ ասֆալտապատման պատճառով մարդիկ ժամերով խցանումների մեջ են մնում, ընդ որում՝ չարդարացված։

«Ես ինքս նման իրավիճակում եմ հայտնվել և ականատես եմ եղել, թե ուսանողները, կանայք ինչպես են ժամերով կռացած մնում երթուղային տաքսիներում։ Ինչո՞ւ բյուջետային միջոցները նպատակային չեն, թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում»,- ասել է պատգամավորը:

Արեյանը պատասխանել է, թե քաղաքապետարանն արել է հնարավորը, սակայն եղել են նաև թերացումներ, որոնց հետևանքով խնդիրներ են առաջացել:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու է ձգձգվում Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը և արդյոք դրանում կա քաղաքական ենթատեքստ, փոխքաղաքապետը պատասխանել է, թե իրենք այդ հարցում որևէ խոչընդոտ և բյուրոկրատական քաշքշուկ չեն ստեղծել. «Արձանը հենց պատրաստ լինի՝ մենք արագ և նախատեսված ձևով կներկայացնենք»: