Home / Հայաստան / Ինչու են վերացնում գործազուրկների նպաստը. պարզաբանել է վարչապետը

Ինչու են վերացնում գործազուրկների նպաստը. պարզաբանել է վարչապետը

Գործազրկության նպաստները չէին օգնում սոցիալական խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ 18 հազար դրամ նպաստն իրականում ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ:

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, 94%-ը չէր հասնում այն մարդուն, որը աշխատանք էր փնտրում, միայն 6%-ն էր հասնում շահառուներին: Աղքատ երկրների համար այս համակարգը չի կարող արդյունավետ լինել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դա էր պատճառը, որ ԱԺ նախորդ քառօրյայում կառավարությունը հանդես եկավ գործազրկոթյան նպաստների վերացման նախաձեռնությամբ:

Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ այսուհետ համապատասխան ենթակառուցվածքների աշխատողների միջոցով պետք է բացահայտվեն աշխատանք որոնողները, և նրանց պետք է օգնություն ցուցաբերվի:

Վարչապետը նաև հայտարարել է, որ հունվարի 1-ից բարձրանալու են կենսաթոշակները: Նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպն ավելի բարձր է լինելու, 93 հազար դրամ և ավելի ստացողների թոշակները չեն բարձրանա: Այսպիսով, ըստ Տիգրան Սարգսյանի, 32 հազար մարդ դուրս կգա աղքատության շեմից: