Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ. Ինչու և ինչպես Երևանում խանգարեցին միջազգային խորհրդաժողովի անցկացումը

ՎԻԴԵՈ. Ինչու և ինչպես Երևանում խանգարեցին միջազգային խորհրդաժողովի անցկացումը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովի կազմակերպումը Երևանում աբսուրդ է, քանի որ Հայաստանի իշխանությունները ամենևին էլ հանդուրժող չեն: Այսպիսի կարծիք են հայտնել մի խումբ քաղաքացիներ, ովքեր այսօր ակցիա են կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի մոտ, իսկ խորհրդաժողովի մեկնարկից հետո պաստառներով ներխուժել են դահլիճ: 

Ակցիայի մասնակիցները նշել են, որ խորհրդաժողովն իշխանությունների կողմից անցկացվում է՝ ցույց տալու համար, թե իբր իրենք եվրոպական արժեքների կրող են, բայց միևնույն ժամանակ Հայաստանը մտնում է Մաքսային միություն: Պաշտոնական Երևանը նաև օգտագործում է խորհրդաժողովի առիթն Ադրբեջանում ատելության քարոզի մասին բարձրաձայնելու համար, մինչդեռ ներքին խնդիրների մասին չի խոսվում: 

Մինչ խորհրդաժողովի մեկնարկն ակտիվիստները պաստառներով կանգնել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ ներս մտնող խորհրդաժողովի արտասահմանցի մասնակիցներին տեղեկացնելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանում ազգայանակության, անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորումներն ավելի ցայտուն են դարձել: Հյուրերից ոմանք, այդ թվում՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, լուսանկարում էին ակտիվիստներին, ինչպես նաև կանգնում էին պաստառներն ընթերցելու համար:

Տարածած հայտարարության մեջ բողոքի ակցիայի մասնակիցները հատվածներ են մեջբերել են նաև ՀՀԿ-ականների ելույթներից, մասնավորապես, ներկայացրել են Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարությունը, թե Զարուհի Փոստանջյանին պետք է խարույկի վրա այրել, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը, թե գենդերային հավասարության մասին օրենքը չպետք է ընդունվի, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ DIY ակումբը պայթեցնելը հայրենասիրական քայլ էր:

Խորհրդաժողովին չէին հրավիրվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները, թեև ատելության հողի վրա հարձակումները և սպառնալիքներն ամենաշատն այս կազմակերպությունների դեմ են եղել:

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը դժվարացել է պատասխանել Epress.am-ի թղթակցի այն հարցին, թե որ սկզբունքնով են ընտրվել հրավիրվածները: Բալայանի խոսքով՝ ինքն այդ հարցով չի զբաղվել: 

Չհրավիրված ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև մի խումբ ակտիվիստներ, այունամենայնիվ, մտել են խորհրդաժողովի դահլիճ և բողոքի ակցիա անցկացրել, թեև ԱԳՆ աշխատակիցները և ոստիկանները փորձել են խանգարել նրանց մուտքը:

Քաղաքացիների պաստառներին անգլերենով, մասնավորապես, գրված է եղել՝ «Իշխող ՀՀԿ կուսակցությունը հովանավորում է քսենոֆոբիան և ռասիզմը Հայաստանում», «Պատգամավոր Արծվիկ Մինասյանը գրավ է մուծել երկու հանցագործների համար, ովքեր պայթացրել են DIY-ը»:

Ակցիայի մասնակիցները շուտով հեռացել են սրահից, դրանից հետո Բալայանը հորդորել է լրագրողներին ևս դուրս գալ, քանի որ «խոհրդակցության շարունակությունը փակ է մամուլի համար»:

ԶԼՄ-ները հարցեր են ուղղել ակցիայի մասնակիցներին: Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք կազմակերպիչները կարծում են, թե արժեր հայաստանյան ներքին խնդիրները բարձրաձայնել եվրոպացիների առաջ: Լրագրողներից մեկն էլ հետաքրրքվել է՝ արդյոք ավելի ճիշտ չէր լինի բարձրաձայնել Ադրբեջանում ատելության քարոզի խնդիրը:

Ակցիայի մասնակից, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն ասել է, որ ինքը մասնակցում է ակցիային, քանի որ որպես ՀՀ քաղաքացի խնդիր է տեսնում նրանում, որ Խաչիկ Ասրյանի նման մեկը զբաղեցում է բարձր պաշտոն, և նման խնդիրներ ամեն տեղ կան, մինչդեռ դրանց լուծում չի տրվում:

Ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանն էլ հավելել է, որ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին մեր դիվանագետները բարձրաձայնում են եվրոպական հանդիպումներում, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքացիները պետք է հանդուրժեն ատելության քարոզը: