Home / Հայաստան / Վրացիների երիտասարդ սերունդը երբեք չի ապրի հայկականացված Վրաստանում. Սաակաշվիլի

Վրացիների երիտասարդ սերունդը երբեք չի ապրի հայկականացված Վրաստանում. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հույս է հայտել, որ վրացիների երիտասարդ սերունդը երբեք չի ապրի «ոչ Եվրասիական միությունում, ոչ հայկականացված Վրաստանում, այլ կապրի Եվրոպայում»: Սաակաշվիլին նման հայտարարությամբ հանդես է եկել հոկտեմբերի 12-ին՝ Թբիլիսիում իր անվամբ կառուցվող նախագահական գրադարանի մոտ, հայտնում է «Ռեգնում»-ը:

Վրաստանի նախագահին ուղեկցում էր դիվանագետ Գելա Չարկվիանին, ում Սաակաշվիլին անվանել է իր ուսուցիչն ու Սուրբ Գեորգիի շքանշան հանձնել՝ բազմաթիվ սերունդներ ազատության ու ժողովրդավարության գաղափարներով կրթելու համար: «Նա (Գելա Չարկվիանին) բազմաթիվ սերունդներ է դաստիարակել ազատության, ժողովրդավարության ու լիբերալիզմի ոգով այն ժամանակ, երբ այդ բառերը չափազանց վտանգավոր ու ոչ նորաձև էին մի երկրում, որտեղ ապրել ենք մենք և որտեղ դուք ստիպված չեք եղել ապրել: Հուսով եմ, որ դուք երբեք չեք ապրի ոչ այդպիսի երկրում, ոչ Եվրասիական միությունում, ոչ էլ հայկականացված արտաքին քաղաքականությամբ երկրում: Մենք ապրելու ենք Եվրոպայում»,- գրադարանի մոտ հավաքված երիտասարդներին վստահեցրել է Սաակաշվիլին:

Ըստ «Ռեգնում»-ի՝ «Հայկականացված արտաքին քաղաքակություն» ասելով՝ Սաակաշվիլին, հավանաբար, նկատի է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու Մաքսային միությանն անդամակցելու երկրի մտադրությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում և Ռուսաստանի, և ՆԱՏՕ-ի երկրների հետ, կարող էր օրինակ դառնալ Թբիլիսիի համար: