Home / Հայաստան / Զարուհի Փոստանջյանին կհանեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունից

Զարուհի Փոստանջյանին կհանեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունից

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է, որ, հաշվի առնելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկվա վարքագիծը, փոփոխություն է կատարելու ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում:

«Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- ասել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո, Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել է, թե արդյո՞ք նա վերջերս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է կորցրել: 

Հովիկ Աբրահամյանն իր հայտարարության մեջ կարծիք է հայտնել, որ քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է, այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ:

«ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց: Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք», – նշել է Հովիկ Աբրահամյանը: