Home / Տեսանյութեր / Գաղութ դառնալը հեշտ է. Սաակաշվիլին ՄԱԿ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասին

Գաղութ դառնալը հեշտ է. Սաակաշվիլին ՄԱԿ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մասին

Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են միանալ ազատ ու ժողովրդավար եվրոպական պետությունների ընտանիքին, գտնվում են մշտական ճնշման ու վտանգի տակ: Այս մասին ՄԱԿ-ի 68-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Հայաստանը փակուղու մեջ է, Մոլդովան՝ շրջափակման, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանն՝ աննախադեպ ճնշման, իսկ Վրաստանը օկուպացված է: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ հինավուրց Կայսրությունը փորձում է վերականգնել իր  անցյալի սահմանները: «Սահմանները», իրականում, ճիշտ բառ էլ չէ, քանի որ այս Կայսրությունը, լինի դա Ռուսական Կայրությունը, Խորհրդային Միությունը, Ռուսաստանի Դաշնությունը կամ Եվրասիական Միությունը, երբեք սահմաններ չի ունեցել: Այն միայն եզրեր է ունեցել:

Ես այսօր եկել եմ այդ եզրերի անունից խոսելու: Ռուսաստանի Դաշնությունը, ի տարբերություն պետությունների մեծ մասի, շահագրգռված չէ կայուն երկրներով շրջապատված լինելու մեջ: Կրեմլի ուզածն այն  է, որ հարևան երկրները մշտական իրարանցման մեջ գտնվեն:

Դուք կարծում եք՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը վճռական հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմա՞մբ: Ոչ: Սա Հայաստանին չափազանց ուժեղ ու հետագայում անկախ կդարձներ:

Եթե կարծում եք, որ Մոսկվան, ընդհակառակը, ուզում է՝ Բաքուն հաղթի Երևանին, ապա սխալվում եք: Արդիականացված Ադրբեջանի ներկայիս աճը ռուսաստանցի առաջնորդների համար մղձավանջ է…

Ոչ, նրանք չեն ուզում, որ ինչ-որ մեկը հաղթի. նրանց նպատակը հենց հակամարտությունն է, քանի որ այն երկու երկրներին էլ կախվածության մեջ է պահում ու կանխում է նրանց ինտեգրումը Եվրոպական միությանը: Կարծում եք այժմ, երբ Թբիլիսիում փոխվել է կառավարությունը, Կրեմլը կհամաձայնե՞ր քննարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեօկուպացիան: Բնավ: Վրացական հողերի բռնագրավումը ռուսական զորքերի կողմից շարունակվում է», – մասնավորապես, ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ներկայիս իշխանությունները գիտեն՝ երբ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, կամ որևէ այլ երկրում կառուցվեն ուժեղ ինստիտուտներ, ի հայտ գան գործող պետություններ, այս ինստիտուտներն ու պետությունները կարտացոլեն ու կկիրառեն իրենց ժողովուրդների կամքը, որն է՝ լինել անկախ ու շարժվել դեպի Եվրոպա:

«Եվրասիական միությունը թե մեր վաղ անցյալն է, թե՝ ապագան, որը ձևավորվել է ԿԳԲ նախկին սպաների կողմից Մոսկվայում: Մյուս կողմից, մեր վերահաստատված ավանդույթներն ու դարավոր ձգտումները մեզ տանում են դեպի մեկ այլ աշխարհ, որը կոչվում է Եվրոպա:

Մեր տարածաշրջանին նայելով՝ նրանք, ովքեր ինչ-որ պատկերացում ունեն Կովկասյան պատմության մասին, կհիշեն 1905 թվականին ցարական կառավարության կողմից իրականացված հայ-ադրբեջանական արյունահեղությունն ու այն կհամեմատեն 1980-ականների վերջին սկսված Ղարաբաղյան հակամարտության հետ:

Նրանք, կարող է, հիշեն, ինչպես ես եմ շատ լավ հիշում, Աբխազիայում 1990-ականների սկզբին սկսած պատերազմը, երբ Վրաստանի ռազմական խմբերն իրենց զենքերը ստանում էին նույն ռուսական զորքերի կողմից, որոնք առաջնորդում էին Աբխազիայի միլիցիային ու ներգրավում չեչեն վարձկանների՝ Հարավային ու Հյուսիսային Կովկասների ժողովուրդների միջև համերաշխության հնարավոր ձգտումները ոչնչացնելու նպատակով:

Այնպես, ինչպես ավելի քան մեկ դար առաջ նրանք, նույն նպատակով, վրացի զինվորներին ուղարկում էին կռվելու իրենց պատերազմների ժամանակ չեչենների, ինգուշների կամ դաղստանցիների դեմ:

Եվրասիական միությունը հիմնված է հենց այս նպատակների վրա, այն լի է անհանդուրժողականությամբ, այն ղեկավարվում է հին ԿԳԲ-ի կառույցների կողմից ու ստեղծվել է հին Կայսրությունը վերականգնելու նպատակով:

Հետևաբար, Եվրասիական միությանը միանալը շատ հեշտ է: Չկան պարտադիր սոցիալական, տնտեսկան կամ քաղաքական չափանիշներ. գաղութ դառնալը, ըստ էության, ոչ մի ջանք չի պահանջում: Պասիվությունն ու միջակությունը միակ պահանջներն են: