Home / Տեսանյութեր / «Դա թութք է». Հրանտ Բագրատյանը խոսել է Մաքսային միության մասին (ՎԻԴԵՈ)

«Դա թութք է». Հրանտ Բագրատյանը խոսել է Մաքսային միության մասին (ՎԻԴԵՈ)

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը չի կարող չուղեկցվել տնտեսական անկմամբ, և դա տեղի կունենա առնվազն առաջիկա  3-7 տարիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդադառնալով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանը:

Բագրատյանի խոսքով՝ հետագայում ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է տնտեսապես բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի համար, սակայն տնտեսագետը նկատել է, որ դա անելու համար գործող իշխանությունը չունի բավարար մտավոր ընդունակություններ: Դրական պայմաններ կարող են ստեղծվել, օրինակ, կոնյակի, գինու արտադության ծավալները մեծացնելու համար, շուկան կմեծանա շինարարական ընկերությունների համար և այլն:

Առաջին քայլը, որ այժմ պետք է արվի, ըստ Բագրատյանի, հանրաքվե անցկացնելն է՝ անկախ դրա հնարավոր արդյունքից: Երկրորդը՝ Հայաստանը պետք է պահանջի Մաքսային միության մյուս անդամներից անցումային շրջանի հնարավորություն՝ տնտեսական անկումից խուսափելու և հետագայում ևս իր համար շահավետ պայմաններ ապահովելու համար: 

ԱԺ պատգամավորի խոսքով՝ ամենավատն այս ամենի մեջ այն է, որ Հայաստանը սեպտեմբերի 3-ին համաձայնեց մտնել Մաքսային միության մեջ զոռով՝ կորցնելով վստահությունը Եվրոպայի աչքում և համագործակցության հեռանկարները առաջիկա 50 տարիներին, և, Ռուսաստանի մոտ ստեղծելով տպավորություն, որ կարող է «քցել ամեն պահի»: 

Բագրատյանն անդրադարձել է ռուբլու գոտու մեջ մտնելու վարկածներին՝ ասելով, որ անհնար է պատկերացնել Մաքսային միությունն առանց նույն արժույթի: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն, ըստ տնտեսագետի, Ռուսաստանը չի ստիպի դա անել, քանի որ դա իր շահերից չի բխում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում կենսամակարդակն ավելի ցածր է: Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանի համար «դա թութքն է», Ռուսաստանն ավելի մեծ շահագրգռվածություն ուներ սկզբում Ուկրաինային, ապա Հայաստանին Մաքսային միություն մտցնելու մեջ:

Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը, Բագրատյանի խոսքով, գոնե սկզբնական շրջանում շահավետ կլիներ: Կէժանանային եվրոպական ապրանքները, այդ թվում նաև թուրքական, քանի որ Հայաստանը և Թուրքիան կհայտվեին նույն տնտեսական գոտում, ուստի հնարավոր կլիներ նաև սահմանի բացման հարցը քննարկել: Իսկ այժմ հնարավոր կլինի ավելի էժան «Նիվա» մակնիշի մեքենա գնել, սակայն եվրոպական մեքենաները կթանկանան: