Home / Տեսանյութեր / DIY-ի գործով նիստը կարճ տևեց. կարգադրիչները դատախազին «տուն էին ուղարկել»

DIY-ի գործով նիստը կարճ տևեց. կարգադրիչները դատախազին «տուն էին ուղարկել»

DIY բարի հրկիզման գործով դատական նիստը կարճ է տևել, քանի որ նիստին ներկա չի եղել մեղադրող դատախազը: Նրան սխալմամբ «տուն են» ուղարկել դատական կարգադրիչները:

Այսօր Վերաքննիչ դատարանում կայացել է «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY բարի հրկիզման գործով վերաքննիչ բողոքի առաջին դատական նիստը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ:

Վճիռը բողոքարկում է DIY սեփականատիրոջ ներկայացուցիչ Մարինե Գրիգորյանը: Ըստ բողոքարկող կողմի՝ դատարանի սույն վճռով սահմանվել է ակնհայտ մեղմ պատիժ մեղադրյալների նկատմամբ. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի էր դատապարտել Արամեհ և Համբիկ Խաբազյաններին:

«Ամբաստանյալների կողմից կատարած արարքը մարդու իրավունքների տեսակետից հանդիսանում է ատելության հողի վրա կատարված հանցագործություն: Չնայած ՀՀ քրեական օրենսդրությունը չի նախատեսում ատելության հիմքով հանցագործության տեսակ, սակայն հնարավորություն ուներ, կիրառելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը, սահմանել խիստ պատիժ՝ դրանով իսկ կանխարգելելով հոմոֆոբիայի, ատելության և խտրական վերաբերմունքի սերմանումը»,- ասված է բողոքի մեջ:

Ավելի վաղ վճռի առնչությամբ մտահոգություններ էին հայտնել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, դատավարությանը հետևող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշել էր, որ դատարանը «հաշվի չի առնում, որ դա հստակ տեռորիստական ակտ էր՝ ուղղված փոքրամասնություների դեմ»:

Այսօրվա դատական նիստին դատավոր Մանուշակ Պետրոսյանն ասել է, որ վերաքննիչում գործը քննվելու է վճռաբեկության կարգով: Նիստը կարճ է տևել, քանի որ ներկա չէր մեղադրող դատախազ Ա.Գևորգյանը: Դատավորը պարզաբանել է, որ դատախազին ապատեղեկատվություն են տրամադրել դատարանի կարգադրիչները՝ ասելով, որ նիստը չի կայանալու, վերջինս էլ հեռացել է դատարանից:

Թեև ոչ հայցվոր, ոչ պատասխանող կողմը չէին առարկում, որ նիստը կայանա դատախազի բացակայությամբ՝ դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշել է դատական նիստը հետաձգել: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ին:

Նշենք, որ Արամեհ և Համբիկ Խաբազյանները, ինչպես նաև նրանց փաստաբան Մելանյա Առուստամյանը հրաժարվել են գործի մասին զրուցել լրագրողների հետ: