Home / Հայաստան / Սարգսյանը՝ Մոսկվայում. Հայաստանը կմտնի Մաքսային միություն

Սարգսյանը՝ Մոսկվայում. Հայաստանը կմտնի Մաքսային միություն

Հայաստանը մտադիր է գործնական քայլեր ձեռնարկել Մաքսային միություն մտնելու համար: Այս մասին Սարգսյանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում ստորագրած հայտարարությամբ նշել են Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում:

«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:

Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը և երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաև երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև նոր լոգիստիկ և հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը:

Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ», – ասված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած համատեղ հայտարարության տեքստում:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին Սերժ Սարգսյանը հաստատել է Հայաստանի ցանկությունը Մաքսային միություն մտնել:  

Այս տարվա հունիսին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նույնպիսի դիրքորոշում էր հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը 2010 թվականին ավարտել են Մաքսային միության ձևավորումը, իսկ 2012 թվականից Միացյալ տնտեսական տարածք են ստեղծել: