Home / Տեսանյութեր / «Մեր հետ խաղ չանես». Ալեքսանյանին սատարում էին՝ սպառնալով լրագրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Մեր հետ խաղ չանես». Ալեքսանյանին սատարում էին՝ սպառնալով լրագրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին սատարող «զորքը» չի հեռանա Փակ շուկայի տարածքից, քանի դեռ Մաշտոցի պուրակում ակտիվիստներ կան, որոնք ամեն րոպե կարող են գալ ու գրավել շուկայի տարածքը: 

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել շուկայի տարածքում ակցիա անցկացնող տղամարդկանցից մեկը, ով չի ներկայացել, բայց ամբողջ ընթացքում ուղղորդել է Ալեքսանյանին սատարողների գործողությունները: Հենց նա էլ Ալեքսանյանի մի քանի հարյուր աջակիցներին «զորք է» անվանել:

Օլիգարխի աջակիցներն ակցիայի ընթացքում քաշքշել են լրագրողներին, վիրավորել նրանց, հորդորել «գնալ ստեղից», բարձրախոսներով գոռացել են և սուլել են տեսախցիկների առաջ, ինչպես նաև լրագրողների ականջների մեջ՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը:

Նրանք նաև թույլ չեն տվել լրագրողներին ազատ տեղաշարժվել՝ պատճառաբանելով, թե խառնակիչները տեղ չունեն իրենց շարքերում: Ավելի համարձակ լրագրողները, ովքեր «հանդգնում էին» զրույցի բռնվել ակտիվիստների հետ, միանգամից արժանանում էին ղեկավարների ուշադրությանը, ավելի կոնկրետ՝ սաստող հայացքներին:

Կանանցից մեկը հովանոցով մի քանի անգամ հարվածել է Epress.am-ի թղթակցի տեսախցիկին ու բղավել՝ «գնա ստեղից, թե չէ խաբար չես, որ թափանք գլխիդ, էդ ապարատդ ոնց ենք ջարդելու, մեր հետ խաղ չանես»:

Օլիգարխին սատարողները սպառնացել են նաև «Ազատություն» ռադոիակայանի լրագրողին:

Երբ մեր թղթակիցը փորձել է պարզել՝ ի՞նչն է լրագրողների նկատմամբ նման ընդգծված վատ վերաբերմունքի պատճառը, կանանցից շատերը բղավել են, թե՝ «թուրքը լավա անում, որ մեր ազգին սատկացնում ա, դուք եք մեղավոր, սաղ լրագրողներդ տուն քանդող եք, եկել եք խեղճ Ալեքսանյանի տունն եք քանդում, չեք ասում՝ 700 աշխատատեղ ա բացում»:

Մեր թղթակցին հաջողվել է զրուցել ակտիվիստ կանանցից մի քանիսի հետ, ովքեր ներկայացել են որպես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, «Նատալի ֆարմ», «Ալեքս-Գրիգ» ընկերությունների աշխատակիցներ: Նշենք, որ վերոնշյալ բոլոր կառույցները պատկանում են Ալեքսանյանին:

Մոտ 55 տարեկան տիկինն ասել է, որ աշխատում է 3-րդ մասի «Երևան-Սիթի» խանութում: Նա պնդել է, թե լսել է, որ ինչ-որ մարդիկ խանգարում են «աշխատատեղեր բացող բարերարին», ու սեփական նախաձեռնությամբ շտապել է Փակ շուկայի տարածք: Լրագրողի հարցին, թե ե՞րբ է պատրաստվում հեռանալ, տիկինը պատասխանել է՝ «երբ մեր կոլեկտիվին ասեն՝ գնա»:

Ալեքսանյանի «զորքը» այլ պաստառների թվում բարձրացրել է նաև «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի նկարով պաստառը, որի վրա գրված է եղել «Մասոն»:

Epress.am-ի հետ զրույցում Եղնուկյանն ասել է, որ իրեն «մասոն» անվանելը ատելության սերմանում է իր անձի նկատմամբ:

«Գոնե այսօր Հայաստանում մասոնի նկատմամբ ատելություն կա, թեև սխալ ընկալում նաև, որովհետև Նեմեսիսի ղեկավարը մասոն է եղել: Բայց ես մասոն չեմ, չեմ եղել, չեմ էլ լինելու: Եթե իրենք այդքան լավ ինֆորմացիա ունեն, թող գնան, ստուգեն: Սրանով նրանք ուզում են ուշադրությունը շեղել հիմնական հարցից, բերել անձնականի», – ասել է Եղնուկյանը՝ հավելելով, որ Ալեքսանյանն իր դեմ ահաբեկչություն է հրահրում, ու պատկան մարմինները թող իմանան ու զբաղվեն դրանով:

Փակ շուկան որպես հուշարձան պահպանելու նախաձեռնության անդամ, «Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ այս պահին կարևորը սադրանքների չտրվելն է: Նա բացասական է գնահատել «ժողովրդին ժողովրդի» դեմ հանելու գործելաոճը՝ նշելով, որ Սամվել Ալեքսանյանի աջակիցներն իրենց եղբայրներն են, պարզապես նրանց պետք է բացատրել, որ հուշարձանը բոլորին է պատկանում: