Home / Հայաստան / «Հանցագործ չէ, հալածյալ է». ակտիվիստին դատարանի մոտ դիմավորեցին ընկերները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հանցագործ չէ, հալածյալ է». ակտիվիստին դատարանի մոտ դիմավորեցին ընկերները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախախորհրդարանի» անդամ, ակտիվիստ Դմիտրի Հարությունյանին տեղափոխել են Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով: Դատարանի շենքի մոտ Հարությունյանին տեղափոխող մեքենան դիմավորել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր եկել էին սատարելու ընկերոջը:

Ակտիվիստները պնդում էին, որ Դմիտրին հանցագործ չէ, այլ ռեժիմի հերթական հալածյալը և որ իրենք թույլ չեն տա, որպեսզի նա դառնա քաղբանտարկյալ: Հավաքվածներն ակտիվիստին հորդորել են որևէ թուղթ չստորագրել, մինչև իրեն չհանդիպի փաստաբանը: Դատարանում խափանման միջոց ընտրելու ձևը հետաձգվել է մինչև վաղը՝ սեպտեմբերի 3-ը, ժամը 10:30, որպեսզի փաստաբանները ծանոթանան գործի մանրամասներին:

Հիշեցնենք, որ Հարությունյանը կասկածվում է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ավելի վաղ Հարությունյանի կինը՝ Ելենա Կոժեմյակինան, հանդես էր եկել հայտարարությամբ, որում պատմել էր, որ օգոստոսի 31-ի գիշերը վեց անծանոթ տղամարդ հարձակվել են Արտանիշ գյուղում գտնվող իրենց տան վրա: Հարձակվողներն ուժեղ վախեցրել են Հարությունյանի 2-ամյա դստերն ու նախակաթվածային վիճակի հասցրել տան սեփականատիրոջը՝ Հրաչյա Միրզոյանին: