Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ. Ակտիվիստին հարվածել են «Լֆիկի ստրուկներ» ասելու համար. ոստիկանները չե՞ն տեսել

ՎԻԴԵՈ. Ակտիվիստին հարվածել են «Լֆիկի ստրուկներ» ասելու համար. ոստիկանները չե՞ն տեսել

Փակ շուկայի մոտ կայացած ակցիայի ժամանակ Սամվել Ալեքսանյանի սատարող երիտասարդներից մեկը բռնություն է կիրառել ակտիվիստի նկատմամբ: Բերման են ենթարկվել, սակայն, ակտիվիստներ Արեն Մանուկյանն ու Վարդգես Գասպարին:

Այսօր Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի մոտ, 13:30-ից մեկնարկել է շուկայի շենքի աղճատման դեմ մի խումբ ակտիվիստների ակցիան և հակընդդեմ բողոքը: Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը պահանջում է Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանից ապամոտաժել շուկայի տարածքում ապօրինի կառուցված հատվածները և վերականգնել հուշարձանի նախնական տեսքը:

Նախօրոք հայտարարված ակցիայի լուսաբանման համար տարածք ժամանած լրագրողներին մի խումբ տղամարդիկ ու կանայք են դիմավորել: Վերջիններս բղավելով պնդել են, որ հարակից շենքերի բնակիչները կողմ են, որպեսզի Սամվել Ալեքսանյանը շուկայի ներսում սուպերմարկետ կառուցի: Նշենք, որ հակառակ այդ պնդումներին այս տարվա մայիսին շուկային հարող Պարոնյան 4ա հասցեում գտնվող շենքի բնակիչները նամակով դիմել էին ՀՀ նախագահին և վարչապետին՝ պահանջելով կասեցնել Փակ շուկայի տանիքի վրա նոր հարկաբաժնի շինարարությունը:

Այսօր Սամվել Ալեքսանյանին սատարող կանանց հիմնական փաստարկ այն էր, որ հարևան շենքերի բնակիչները բազում դժվարություններ են կրել շուկայի անմխիթար լինելու համար:

«Երկու տարի է՝ շուկան կռիսանոց է, ինչու մտավորականներդ չէիք անհանգստանում, չէիք ուզում փրկել հուշարձանը: Եկեք գնանք ցույց տամ, կռիսները լցվել են մեր տները, մենք տարին տասներկու ամիս ապրում ենք փոշու մեջ: Որ դրսից եկած մարդ լիներ, կուրախանայիք, կասեիք՝ ապրի, որ տեղացի ա սարքում, ուրեմն պետք է  նախանձե՞ք: 16-րդ թաղամասից մարդիկ եկել են ու մեզ ասում են, թե մենք պրասպեկտի վրա ոնց պետք է ապրենք: Իրենց ինչ գործ է: Մենք կողմ ենք»,- ասել է մի կին, ով հրաժարվել է ներկայանալ: 

Քիչ հետո Փակ շուկայի մոտ են եկել հուշարձանի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամները, այդ թվում՝ «Նախախորհրդարան» շարժման ներկայացուցիչներ Տիգրան Խզմալյանը և Գարեգին Չուգասզյանը:

Սամվել Ալեքսանյանի նախագծին սատարողները պահանջել են, որպեսզի եկածները  չասեն, թե Սամվել Ալեքսանյանը օլիգարխ է: Նրանք նաև հայտարարել են, թե օլիգարխը հենց Խզմալյանն է, քանի որ «դրսից փողեր է ստանում Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար»:

Երկու ակցիաների մասնակիցների թեժ բանավեճը մի պահ վերածվել է կռվի ու քաշքշոցի այն ժամանակ, երբ մի խումբ բողոքող երիտասարդներ պաստառներով մոտեցել են շենքին: Ալեքսանյանին սատարող կանանցից մի քանիսը հարձակվել են նրանց վրա, խլել են պաստառները, պատռել և դեն են նետել դրանք: 

Ակցիայի վայրում հետզետե շարունակել են ավելանալ ոստիկանական ուժերը, սակայն նրանք էլ չեն կարողացել կանխել միջադեպը: Հուշարձանի պահպանման համար պայքարող երիտասարդներից մեկը՝ Տիգրան Ավինյանը, դիմելով Ալեքսանյանի մերձավորներին, ասել է. «Լֆիկի (ժողովրդի շրջանում տարածված Սամվել Ալեքսանյանի կեղծանունը) ստրուկ եք դառել սաղդ»:

Այդ պահին քաղաքացիական հագուստով մի երիտասարդ հարձակվել է ակտիվիստի վրա քաշել ու հարվածել նրան: Հարձակվողին օգնել են մի քանի մարդիկ ևս, որոնցից մեկը հորդորել է Տիգրանին «խելոք մնալ», այլապես վատ կլինի: Epress.am-ի թղթակիցը հարցրել է Ալեքսանյանին սատարողին՝ ինչու է սպառնացել ակտիվիստին, որին ի պատասխան մոտ 45 տարեկան տղամարդը ասել է, թե Տիգրանը «վատ բառ է ասել»: Երբ լրագրողը նշել է, թե ակտիվիստը արտաբերել է Ալեքսանյանի մականունը, տղամարդը պատասխանել է. «Էտի ձեր մականունն ա, այ հիմար»:

Քիչ հետո լրագրողները դեպքի մասին պատմել են Վալերի Օսիպյանին և խնդրել ասել, թե ինչու ոստիկանությունը բերման չի ենթարկում բռնություն կիրառած մարդուն:

«Ես ներկա չեմ եղել, ձեր պատմածներից եմ իմանում, Տիգրա՛ն,  քո անձը արժանապատվությունը վիրավորե՞լ են»,- դիմելով տուժածին՝ հարցրել է Օսիպյանը:

«Ոչ»,- պատասխանել է Տիգրան Ավինյանը:

Ակցիայի ընթացքում Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել ակտիվիստ Արեն Մանուկյանը: Ոստիկանությունում նրան ասել են, թե բերման են ենթարկել «ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար»: Բերման են ենթարկել նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Հիշեցնենք, որ հակընդդեմ ակցիաների մարտավարությունը Սամվել Ալեքսանյանն առաջին անգամ չէ որ կիրառում է: Անցյալ տարի մայիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա մարդկանց փողոց էր դուրս բերում իր հիմնական մրցակից Նիկոլ Փաշինյանի դեմ, երբ վերջինս Մալաթիայում քարոզարշավ էր անցկացնում: Փաշինյանի դեմ դուրս էին գալիս Սամվել Ալեքսանյանի պատկանող փռերի և սուպերմարկետների աշխատակիցները: Վերջիններս Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հայտարարել էին, որ Սամվել Ալեքսանյանն Աստծուց մի քիչ ա պակաս, Հիսուսից հետո երկրորդ մարդն ա ստեղ»: