Home / Տեսանյութեր / Արդյո՞ք զինվորները ծեծել են վերադասին. վկաները չեն տեսել, կրկնել են տուժողի փոխանցածը

Արդյո՞ք զինվորները ծեծել են վերադասին. վկաները չեն տեսել, կրկնել են տուժողի փոխանցածը

Երեկ կայացած դատական նիստի ժամանակ վկաները փոխանցել են այն, ինչ իրենց ավելի վաղ պատմել է տուժողը:

«Մեհրաբ» զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու գործով հերթական դատական նիստն է անցկացվել երեկ՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նիստում ցուցմունք են տվել վկաներ զորամասի հրամանատարի տեղակալ Սամվել Խաչատրյանը և մայոր Վահրամ Հայրապետյանը: Ինչպես Epress.am-ին հայտնել է մեղադրյալների՝ Կառլեն և Արտակ Սարգսյանների պաշտպան Անի Թորոսյանը,  վկաները ցուցմունքում  ասել են, որ այն, ինչ գիտեն, իրենց հայտնի է տուժողի՝ լեյտենանտ Դավիթ Մկրտչյանի  խոսքերից: Նրանք, փաստորեն, կրկնել են տուժողի առաջին ցուցմուքնը, այն է՝ մեղադրյալ Մանուկ Մարգարյանը բռնել է իրեն, իսկ երկու եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ծեծի են ենթարկել:

Անի Թորոսյանը հիշեցրել է, որ այս ցուցմունքը ինքը ՝տուժողը, նախաքննության փուլում փոխել է՝ ասելով, որ ինքը Արտակի հարվածը չի հիշում, իսկ Մանուկի` իրեն բռնելը չի կարող ասել ինչ նպատակով էր՝ վեճը հարթելու, թե իրեն ծեծողին օգնելու:

Քանի որ վկաները ականատես չեն եղել դեպքին և պատմել են տուժողի փոխանցածը միայն,  փաստաբան Անի Թորոսյանը միջնորդել է, որպեսզի նրանց վկայությունները գործից հանվեն: Այս միջնորդություն դատարանը կքննարկի որոշում կայացնելիս:

Հիշեցնենք, որ տվյալ գործով նախկին զինծառայող Արմեն Նազարյանը հրաժարվել էր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ դրանք տվել է սպաների կողմից ծեծի ենթարկվելուց հետո: