Home / Հայաստան / Արայիկ Պետրոսյանի նման ոստիկանները պետք է վտարվեն հայրենիքից. Լարիսա Ալավերդյան

Արայիկ Պետրոսյանի նման ոստիկանները պետք է վտարվեն հայրենիքից. Լարիսա Ալավերդյան

Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի (լուսանկարում՝ կենտրոնում) անունը դառնում է փոքրատառով գրվող մի երևույթ, քանի որ նա երևույթ է, ու, նրա  աշխատանքից հեռացման հարցը դնելուց բացի, պետք է դնեն նաև նրա բուժման խնդիրը: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթաքում նման հայտարարությամբ է հանդես եկել մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս, անդրադառնալով Երևանում անցկացվող ակցիաների ընթացքում հատուկ Պետրոսյանի դրսևորած վարքագծին, նշել է, թե, չցանկանալով դիպչել նրա արժանապատվությանը, ստիպված է փաստել, թե Պետրոսյանը և բռնություն իրականացրած այլ ոստիկանները այլասերված տարրեր են:

«Լավ է, որ կոնկրետ անուններ են տրվում, նրանք պարսավանքի պետք է ենթարկվեն, պետք է վտարվեն հայրենիքից, այդպիսինների պատճառով է, որ արտագաղթ է տեղի ունենում», – ասել է Ալավերդյանը:

Նա նշել  է, թե ինքը նախկինում ասել է, որ ոստիկանները նման միջոցառումների ժամանակ մեղմ են կանանց հանդեպ, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ «մենք այդ ռուբիկոնն անցել ենք»:

«Ոստիկանները հավասարապես կոպիտ են բոլորի հանդեպ` հաշվի չառնելով ոչ սեռ, ոչ տարիք: Սրանով լավ հնարավորություն է ընձեռված Վլադիմիր Գասպարյանին կտրուկ օրենքի ներքո հստակ գործողություններ անելու, որովհետև վերոնշյալ ոստիկանները խայտառակ են անում ոչ միայն համակարգը, այլև հայ տղամարդուն: Նրանք պետք է հայտնվեն հասարակության լուսանցքում», – ասել է բանախոսը:

Ինչ վերաբերում է  կարմիր բերետավորների գործունեությանը՝ Ալավերդյանը նշել է,  վերջիններս իրենց գործողությունները պետք է իրականացնեն հատուկ պայմաններում:

«Ամենևին կարիք չկա, որ կարմիր բերետավորները հայտնվեն Սայաթ-Նովա 10-ում կամ Կոմիտաս 5-ում: Կարմիր բերետավորը չի դիտվում որպես իր անվտանգությունը ապահովող մարմնի ներկայացուցիչ, այլ դիտվում է որպես անօրինական գործողությունների պաշտպան: Կցանկանայի, որպեսզի կարմիր բերետավորների մասին օրենսդրական նորմը վերականգնվեր, և կարմիր բերետավորը չհայտնվեր այնտեղ, որտեղ կհայտնվի պարեկայինը»,-  ասել է բանախոսը:

Հայդիպան այլ մասնակից, Կոմիտասի 5 հասցեում գրանցված միջադեպի ընթացքում տուժած ակտիվիստ Տաթևիկ Մալյանն էլ  պատմել է, որ Արայիկ Պետրոսյանը իրեն նույնպես հայհոյել է, բայց դա եղել է օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ և ոստիկանական գործողություններից տուժածներին նույնպես կոչ է արել միավորվել այս հարցի շուրջ: 

«Տեսանյութում պարզ  լսվում է՝ ինչպես է նա հայհոյում ինձ: Ես կարծում եմ, որ միասին մենք կհասնենք նրան, որ նա պատիժ կկրի: Մենք տարածելու ենք այս տեսանյութը հանրության շրջանում, ինչպես նաև այն ուղարկելու ենք ոստիկանություն», – եզրափակել է ակտիվիստը: