Home / Հայաստան / Հայաստանի համար նախընտրելի է Իլհամ Ալիևի վերընտրվելը. Սերժ Սարգսյան

Հայաստանի համար նախընտրելի է Իլհամ Ալիևի վերընտրվելը. Սերժ Սարգսյան

Հայաստանին ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջան տեսնել, բայց միևնույն ժամանակ ձեռնտու է, որպեսզի Ադրբեջանի նախագահ վերընտրվի Իլհամ Ալիևը: Այս մասին շաբաթ օրը «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու:

«Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը:

Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին վերաբերող հարցին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա: