Home / Տեսանյութեր / Ակտիվիստի մեքենան ջարդել են գանտելներով. հարձակումը կապում է իր գործունեության հետ

Ակտիվիստի մեքենան ջարդել են գանտելներով. հարձակումը կապում է իր գործունեության հետ

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ում մեքենայի դիմապակին այս գիշեր ջարդել են կշռաքարերով, համոզված է, որ դա արվել է մեկ նպատակով՝ վնաս հասցնել իր ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար: Այս մասին Հարությունյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Ուշ երեկոյան ակտիվիստը մեքենան կայանել է իրենց շենքի բակում և հաջորդ օրը հայտնաբերել, որ դիմապակին կոտրել  են։ Մեքենայի կողքին Հարությունյանը հայտնաբերել է 2 հատ իրար փաթաթած գանտել, որոնցով էլ ջարդել են մեքենան։

«Տեսա ու զանգեցի ոստիկանություն, փորձագետներն եկան, նայեցին ու ասացին, որ ընթացք են տալու, ու գործ է հարուցվելու: Ոստիկաններն էլ ասացին, որ ուղղակի ուզեցել են վնաս տալ: Միայն դիմապակին են կոտրել, եթե ուրիշ նպատակ ունենային, ոչ թե դիմապակին կկոտրեին, այլ կողքի ապակին ու հեշտ կմտնեին մեքենայի մեջ:  Դրա ապացույցը գանտելներն են՝ պարզ երևում է, որ նախօրոք հատուկ պատրաստված են եղել», – պատմել է Հարությունյանը:

Հարցին, թե նախկինում նման հարձակումներ եղե՞լ են, ակտիվիստն ասել է, որ տարիներ առաջ մեքենայից գողություն է կատարվել:

«Ես որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ ու առավել ևս՝ թշնամիներ, որ այս  դեպքը կապեմ ինչ-որ մեկի անձի հետ: Սա ուղղված է վերջին շրջանում իմ ծավալած գործունեության դեմ, ուրիշ ոչինչ», – եզրափակել է ակտիվիստը:

Նշենք, որ Հարությունյանը այս տարվա ընթացքում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել՝ մասնակցելով տարբեր բողոքի ակցիաներին, մասնավորապես, 2013 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ի մոտ կայացած ցույցին, ԵԱՀԿ գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային և հուլիսին կայացած ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին:

Նշենք նաև, որ  կատարվածի վերաբերյալ Հարությունյանը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն է արել:

«Այսինքն լավ պարապած են եղել։ Փաստորեն, «գանտել» Տարոնը էլ չգիտի ինչ անի, իրա «գանտելներին» ուղարկում է, որ «գանտելներով» վնասեն մեզ։ Միգուցե նաև նախազգուշացնում են։ Նայեք ձեր «գանտելներին» ձեր գլխին չտանք, այ մանկամիտներ։ Ի դեպ հայտարարում եմ, որ ջարդողն իր պատվիրատուի հետ, ոչ միայն գանտել է, այլ նաև էշի տղա է», – ասված է գրառման մեջ: