Home / Տեսանյութեր / «Կառլսոն նա կռիշե». Ակտիվիստները տեղադրեցին հովանոցը մեքենայի վրա (թարմացված)

«Կառլսոն նա կռիշե». Ակտիվիստները տեղադրեցին հովանոցը մեքենայի վրա (թարմացված)

15:45 Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հարցազրույցներ է տալիս հավաքված լրագրողներին՝ նշելով, որ «բանակցությունները արդյունք տվեցին, գտնվեց օպտիմալ տարբերակ, հովանոցը տեղադրվեց մեքենայի վրա»: Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը նշել է, որ այսօր եղանակը բարենպաստ է, հով է և անհրաժեշտության դեպքում հովանոցը գետնին կիջեցնեն մեքենայի տանիքից: Նա ենթադրել է, որ դա, հավանաբար, կարվի վաղը: Ակտիվիստները պատրաստվում են էլեկտրոնային փոստով վաղը կրկին դիմել Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյոք նրանք դեմ են հովանոցը քաղաքապետարանի դիմացի խոտածածկ տարածքում տեղադրելուն:

Ինչպես նշում են քաղաքապետարանի մոտ հավաքվածները, ոստիկանության համաձայնությունը հովանոցը տեղադրել մեքենայի տանիքին զարմանալի է, քանի որ քամոտ եղանակը հովանոցը վտանգավոր է դարձնում մոտակայքում գտնվող մարդկանց և մեքենաների համար: Նկատելով քամին՝ ակտիվիստները փակել են հովանոցը և կապել այն: Վալերի Օսիպյանը կատակել է՝ «Առագաստով մեքենա եղավ»:  

15:30 Ակտիվիստները ծափահարությունների ներքո տեղադրեցին հովանոցը նստացույց անցկացնող Վահագն Մինասյանին պատկանող մեքենայի վրա: Մինչ այդ նրանք հավաքել էին հովանոցի հիմքը, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս ամրացնել ձողը: Երբ ակտիվիստները պնդել են, որ ցանկանում են հովանոցը տեղադրել իրենց սեփական մեքենայի վրա, Վալերի Օսիպյանը նախ համաձայնել է, ապա, հեռախոսազանգ ստանալով ու զրուցելով ինչ-որ մեկի հետ, հայտարարել է, որ վրանը չպետք է տեղադրվի անգամ մեքենայի վրա՝ «կխազեք մեքենան»:

Ոստիկանը նաև նշել է, որ հովանոցը «չի համապատասխանում…», ակտիվիսատների՝ «ինչի՞ն չի համապատասխանում» հարցին, նա հայտարարել է՝ «անհամաչափ է»: Վերջ ի վերջո ոստիկանները, ովքեր մինչ այդ ամուր պահում էին հովանոցը, թույլ են տվել այն տեղադրել մեքենայի վրա: Տեղադրման ընթացքում Օսիպյանը ժպտալով հետևել է գործընթացին՝ հայտարարելով. «Կառլսոն նա կռիշե» (Կառլսոնը տանիքին): Հովանոցի տեղադրման ավարտից հետո ոստիկանության գնդապետն առաջարկել է ակտիվիստներին զրուցել:  

15:20 Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ նստացույց անցկացնող ակտիվիստներին է մոտեցել Երևանի քաղաքապետարանի ընդհանուր բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ա.Գրիգորյանը: Վերջինս ակտիվիստների հետ զրույցում հայտարարել է, որ քաղաքապետարանը հովանոց տեղադրելու մասին գրավոր դիմում չի ստացել, մինչդեռ նստացույց անցկացնողները պնդել են, որ այդ դիմումը ուղարկել են քաղաքապետարանի կայքի առցանց դիմումների բաժնի միջոցով: Երբ ակտիվիստները հարցրել են տիկին Գրիգորյանին՝ արդյոք ինքը դեմ է, որպեսզի քաղաքապետարանի դիմաց հովանոց տեղադրվի, վերջինս հայտարարել է, որ իրավասու չէ պատասխանել նման հարցի, առաջարկել է դիմումը գրավոր կերպով հանձնել ու հեռացել է: Դժգոհող ակտիվիստները պնդել են, որ Երևանի քաղաքապետարանը ստացել է նամակը, և միտումնավոր է իրենց մոտ մի մարդու ուղարկել, ով չի կարող պատասխան տալ: Վալերի Օսիպյանը, ով ողջ ընթացքում հանդես է եկել քաղաքապետարանի փաստաբանի կարգավիճակում, պնդել է, որ երիտասարդները պետք է գրավոր դիմում ներկայացնեն: 

14:50 Երևանի քաղաքապետարանի մոտ 18 օր նստացույց անցկացնող մի խումբ ակտիվիստներ այսօր քաղաքապետարանին հարող տարածքում հովանոցի տեղադրում են նախաձեռնել: Նստացույցի մասնակիցներ Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանն այսօր առավոտյան հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հովանոցը տեղադրվելու է «կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար»:

Ժամը 13:30-ին նստացույցի մասնակիցները դիմել են քաղաքապետարանին՝ խնդրելով առարկություն ունենալու դեպքում հայտնել իրենց այդ մասին: Ապա ակտիվիստները իրենց խնդրանքը երկու անգամ հնչեցրել են բարձրախոսով:

Պատասխան չստանալով՝ նրանք հայտարարել են հովանոցը տեղադրելու մասին, սակայն քաղաքապետարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել է ակտիվիստներին, որ վրան կամ հովանոց չպետք է տեղադրվի: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝  համապատասխան թույլտվության դեպքում իրենք անգամ կօգնեին ակտիվիստներին տեղադրման հարցում, սակայն  նման թույլտվություն չկա: Ժամը 14:45-ի դրությամբ ակտիվիստները պատրաստել են հովանոցը և խնդրել են տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել միայն այն անձանց, ովքեր 18 օրվա ընթացքում մասնակցել են նստացույցին:

Ակտվիստներին մոտեցած Վալերի Օսիպյանը հորդորել է, այնուամենայնիվ, սպասել քաղաքապետարանի արձագանքին: Նա խոստացել է, որ նստացույցի մասնակիցներին կպատասխանեն: Այս պահին ակտիվիստները սպասում են: