Home / Հայաստան / «Մեղեդի» սրճարանի մոտ տաքսու վարորդ է սպանվել. կրակած հեծանվորդը փախել է

«Մեղեդի» սրճարանի մոտ տաքսու վարորդ է սպանվել. կրակած հեծանվորդը փախել է

Երևանի կենտրոնում երեկ կատարված սպանության փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 25-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, 33-ամյա Վահան Հովհաննիսյանի հետ, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, վիճաբանության մեջ է մտել մի հեծանվորդ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, անհայտ անձի կողմից հնչել է կրակոց:

Կրակոցի հետևանքով Վահան Հովհաննիսյանը որովայնի շրջանում մահացու վիրավորվել է: Հեծանվորդը, վարորդին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Երևան քաղաքի շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:

Շամշյանի փոխանցմամբ՝ Վահանը ամուսնացած էր, ունի 2 աղջիկ՝ 7 և 3 տարեկան, իսկ այսօր Վահանի հոգեհանգստին այցելած նրա ընկերները, մտերիմներն ու բարեկամները տարակուսանքով ու արդարացիորեն բարձրաձայնում էին, թե «քաղաքի կենտրոնում, ուր տեղադրված են, ըստ տեղեկությունների, տեսախցիկներ, կրակելով մարդ սպանեն ու հանգիստ հեռանա՞ն, իսկ ոստիկանությունն էլ մինչև հիմա չգիտի՝ ինչ անի: Թող հանցագործության վայրի և Մաշտոցի պողոտայում և Թումանյան փողոցում տեղադրված տեսախցիկների կադրերը վերցնեն, ինչից հետո հնարավոր կլինի այս առեղծվածային սպանությունը բացահայտել»:

Ըստ տեղեկությունների՝ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նաև հրազենից արձակված գնդակ, որն ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ պարզելու համար, թե ինչ տեսակի հրազենից է արձակվել մահացու կրակոցը: