Home / Տեսանյութեր / Տարոն Մարգարյանն այսօր կդիմի երևանցիներին. կառավարության նիստին չի մասնակցում

Տարոն Մարգարյանն այսօր կդիմի երևանցիներին. կառավարության նիստին չի մասնակցում

Կառավարության մոտ տասնյակ ակտիվիստներ պահանջում են իջեցնել ուղեվարձը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության նիստին չի մասնակցում:

ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր առավոտից տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող մի քանի տասնյակ ակտիվիստներ են հավաքվել, ովքեր կառավարությունից պահանջում են արձագանքել բողոքներին և իջնեցնել ուղեվարձը՝ հասցնելով նախկին 100 դրամի:

Ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները շարունակելու են պայքարն այնքան ժամանակ մինչև տրանսպորտի գինը չհասցվի 100 դրամի, բայց դա չպետք է արվի պետական բյուջեից սուբսիդավորման հաշվին:

Մեկ այլ ակտիվիստ Կարեն Հարությունյանն ընդգծել է, որ իրենք համարում են, թե քաղաքապետարանի որոշումն ապօրինի է և պահանջել է պատասխանատվության ենթարկել այդ որոշումը կայացնողներին:

Ավելի վաղ ակտիվիստները տարածած հայտարարությամբ նաև ներկայացրել էին իրենց պահանջները:

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին բողոքներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշել է, որ ակցիաները քաղաքացիական են, կազմակերպվում են ինքնաբուխ կերպով, ու պետական մարմինները պետք է ուշադրության կենտրոնում պահեն դրանք: Վարչապետը խնդրել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին պարզաբանել իրավիճակը: Վերջինս նշել է, որ Տարոն Մարգարյանը, ով այսօր կառավարության նիստին չի մասնակցում, հետևում է ուղեվարձի թանկացման դեմ բողոքներին և այսօր երևանցիներին ուղղված հայտարարությամբ հանդես կգա: