Home / Տեսանյութեր / Ուղեվարձի թանկացման որոշումը կասեցվեց. ակտիվիստները վանկարկում են «Հաղթանակ»

Ուղեվարձի թանկացման որոշումը կասեցվեց. ակտիվիստները վանկարկում են «Հաղթանակ»

150 դրամ ուղեվարձը Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում գոյացած խնդիրները լուծելու գինն է, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ միևնույն ժամանակ կասեցնելով ուղեվարձի թանկացումը մինչ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի ավարտը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել ժամանակավորապես  կասեցնել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 50 դրամով: Այս մասին նա նշում է մայրաքաղաքի բնակիչներին հղած իր ուղերձում:

Դիմելով երևանցիներին՝ Տարոն Մարգարյանը նշում է, որ Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իր` թերևս ամենածանր որոշումն էր:

« Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի հետևողական արդիականացմանը զուգահեռ, անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:

Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսվարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչև հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած, ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:

Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով և այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:

Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլևս անխուսափելի էր», – նշել է քաղաքապետը:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ մեծ դժվարությամբ է կայացրել որոշումը՝ Մարգարյանն ասում է, որ իրավունք չունի խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող է վճարել մարդկային կյանքերով:

«Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների: Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:
Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթևեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք: Ու լուծելու՜ ենք: 150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաև այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտևի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:

Մենք ուշադիր հետևում ենք նաև այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երևանցիների միջև միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միևնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց  մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երևանին: Անպայման: Շնորհակալություն», – հայտարարությունը եզրափակում է Տարոն Մարգարյանը:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ուղեվարձի թանկացումը կասեցնելու մասին լուրն իմանալով, երևանյան կանգառներում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները սկսել են վանկարկել՝ «Հաղթանակ, հաղթանակ»: