Home / Հայաստան / Ոստիկանը զանգելով է պարզել, որ ակտիվիստին բերման ենթարկելու իրավունք չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանը զանգելով է պարզել, որ ակտիվիստին բերման ենթարկելու իրավունք չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի ժամանակ հերթական միջադեպն է գրանցվել ակտիվիստների և ոստիկանների միջև:

Թիվ 70 երթուղայինի վարորդը կտրուկ պոկվել է տեղից՝ ապակիների արանքում թողնելով ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ձեռքը, ով այդ պահին փակցնում էր ուղեվարձի համար 100 դրամ վճարելու կոչով թռուցիկ:

Վարորդը հայհոյել է Նիկողոսյանին, որից հետո, ակտիվիստի խոսքով, կանգառում ներկա բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակվել են նույն տեղում պարբերաբար շրջող քաղաքացիական հագուստով տղամարդիկ, ովքեր, ակտիվիստների խոսքով, կամ գծատերեր են, կամ նրանց սատարող մարդիկ:

«Էդ երկու-երեք հոգին սկսեցին ագրեսիվ գոռալ, ծնող հայհոյել: Երևում էր՝ եկել էին հատուկ կռվելու: Ասում են՝ էդ մարդիկ գծատերերից են: Մոտեցանք ոստիկաններին, որ դրանց կարգի հրավիրեն, սակայն ոստիկանները ոչինչ չարեցին: Փոխարենը, մեզ ասեցին՝ հրավիրում ենք ձեզ բաժին», – Epress.am-ին պատմել է Արսեն Նիկողոսյանը:

Ակտիվիստները հրաժարվել են բաժին ներկայանալ՝ պնդելով, որ ոստիկանները պարտավոր են ապահովել իրենց անվտանգությունը կանգառներում:

Նիկողոսյանը պատմել է, որ րոպեներ անց, երբ ինքն ու իր ընկերը շարժվել են Սայաթ-Նովա փողոցով՝ իրենց թռուցիկները բազմացնելու համար, նույն ոստիկանները վազել են նրանց հետևից ու, օգտվելով նրանից, որ վայրը մարդաշատ չէ, կրկին պահանջել բաժին ներկայանալ՝ ասելով, որ իրենց դեմ բողոք կա: Երիտասարդները հրաժարվել են առանց ծանուցագրի բաժին գնալ:

«Երբ հրաժարվեցինք, ոստիկաններից մեկը սկսեց խառնված զանգել 1-02, որ ճշտի՝ ինքն իրավունք ունի՞ ինձ ձեռբակալել, թե ոչ: Երևի իրեն բացատրեցին, որ էդ իրավունքը չունի, ու ինքը ուղղակի կոնտակտային տվյալներս վերցրեց», – պատմել է Նիկողոսյանը:

Ոստիկանները չեն բացատրել, թե կոնկրետ ով և ինչի համար է երիտասարդների դեմ բողոքել: Երիտասարդները համոզված են, որ պատճառն այն է, որ իրենք հայտարարել են, որ Սերժ Սարգսյանին իրենց նախագահ չեն համարում, իսկ Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետ: 

«Երևի դրանից էին նեղվել, որ իրենց նախագահին չենք ճանաչում: Երբ Մարտի 1-ին անմեղ զոհեր կոտորեցին, ու՞ր էին էդ ժամանակ ոստիկանները», – ասել է Նիկողոսյանը: 

Նիկողոսյանի խոսքով՝ միևնույն ժամանակ իրենց հետ մասնավոր զրույցներում ոստիկաներից շատերն ասում են, որ իրենք էլ ուրախ կլինեին, որ ակտիվիստների բողոքները տեղ հասնեին: