Home / Հայաստան / Տրանսպորտի վարչության պետը՝ քաղաքացուն. «Գիծը տամ, աշխատացրու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Տրանսպորտի վարչության պետը՝ քաղաքացուն. «Գիծը տամ, աշխատացրու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, թարմացված)

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ իրեն երթուղային գիծ է պատկանում, ինչի մասին ավելի վաղ գրել էր Hetq.am-ը: Փոխարենը՝ տրանսպորտի վարչության պետը լրագրողներին և ակտիվիստներին մեղադրել է հասարակական տրանսպորտի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Նավասարդյանի խոսքով՝ նման ակցիաների պատճառով Երևանի ուղեվորափոխադրումները կաթվածահար են լինում, և երթուղայիններն ու ավտոբուսները չեն կարող պատշաճ սպասարկել քաղաքացիներին:

Վարչության պետին հարցրել են՝ արդյոք քաղաքապետարանը չի պատրաստվում վերանայել ուղեվարձի չափը: Նավասարդյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են քննարկումներ անցկացնել կլոր սեղանի շուրջ, ինչն ավելի է զայրացրել ակտիվիստներին, ովքեր սուլել են հեռացող Նավասարդյանի հետևից:

«Ձեր գլուխներն են կլոր», – բղավել է ակտիվիստներից մեկը:

Դրանից հետո Նավասարդյանին մոտ 45 տարեկան մի կին է մոտեցել, ով ներկայացել է որպես Մարիետա Մանուկյան և խնդրել է զրուցել: Նավասարդյանն ասել է, թե չի զրուցելու կնոջ հետ, եթե լրագրողները հետապնդեն իրենց, որից հետո վերջիններս հեռացել են:

Կարճ զրույցից հետո կինը մոտեցել է լրագրողներին և պատմել է, որ հարցրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին, թե ինչպես ինքը կարող է վճարել 150 դրամ, եթե միայնակ կին է, ամուսինը, ով պատերազմի մասնակից է եղել, մահացել է 9 տարի առաջ գործարանում հոսանքահարվելով, և ինքը չի կարողանում ընտանիքը պահել ու հետն էլ 150 դրամ վճարել տրանսպորտի համար:

Կնոջ խոսքով՝ Նավասադրյանը պատասխանել է իրեն. «Ես սոցապ նախարար չեմ, որ ինձ էկել պատմում ես, գնա սոցապ նախարարին պատմի: Ուզում ես՝ արի, ախպորս տղու գիծը տամ, աշխատացրու, բայց մեքենաներին ոչ մի վնաս չտաս, աշխատացրու ամսվա վերջ շահույթը բեր ինձ տուր»: 

Կինն ասել է, թե «քո գիծը քեզ քո պապան չի տվել, պահի քեզ»: Զրույցից հետո Նավասարդյանը հեռացել է: