Home / Տեսանյութեր / Լրագրողին սպառնացել են ուղեվարձի թանկացման դեմ ակցիան լուսաբանելու ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լրագրողին սպառնացել են ուղեվարձի թանկացման դեմ ակցիան լուսաբանելու ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում շարունակվում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: Ակտիվիստներին և ակցիաները լուսաբանող լրագրողներին հետևում էին միջին տարիքի տղամարդիկ, ովքեր չէին ներկայանում և սպառնում էին:

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական և ծայրամասերում գտնվող կանգառներում շարունակվել են տրանսպորտի թանկացված ուղեվարձի դեմ բողոքի ակցիաները: Ակտիվիստները թռուցիկներով են դիմավորել կանգառ մտնող երթուղայիններին ու ավտոբուսներին, դիմապակիներին փակցրել իրազեկող՝ «վճարում ենք 100 դրամ» փոքրիկ պաստառները:

Նշենք, որ 30-ից 50 տարեկան մի քանի տղամարդիկ, ովքեր չեն ներկայացել, փորձել են խոչընդոտել Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում անցկացվող ակցիայի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը, ինչպես նաև ակտիվիստների գործողությունները: Մասնավորապես, նրանցից մեկը՝ մոտ 50 տարեկան (գլխավոր լուսանկարում), մի քանի անգամ փորձել է խլել Epress.am-ի լրագրողի տեսախցիկը, այնուհետ սպառնացել, թե՝ «տես, քո գլխին ինչ եմ հանելու»:

Լրագրողը խնդրել է, որպեսզի տղամարդը ներկայանա, ինչից վերջինս բորբոքվել է  ու ասել՝ «այ, քո նմաններին փող են տալիս, որ գաս ըստեղ, շոֆերներին ներվայնացնես, հլը զանգեմ շեֆերիդ, նոր հալդ կտեսնես»:

Մի քանի ժամ տևած ակցիայի ընթացքում լրագրողների նկատմամբ անհայտ անձանց կողմից պարբերաբար հսկողություն է իրականացվել, ինչը նկատել են նաև  կանգառներում սպասող անցորդները, տարածքում կայանած տաքսիների վարորդները: Նրանք մոտեցել են լրագրողներին ու հորդորել ուշադիր լինել:

«Երեխեք ջան, սրանք էս կաֆեից են գալիս, շեֆերը ներսում են, մտնում են, հրաման ստանում դուրս են գալիս, ձեր կողքերը պտտվում են», -ասել է տաքսու վարորդներից մեկը:

Ավելի ուշ ակտիվիստները տեղափոխվել են Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի կանգառ, որտեղ կրկին հանդիպել են նույն մարդկանց, ովքեր ամբողջ ընթացքում շրջել են կանգառի մոտակայքում ու պարբերաբար զրուցել են հեռախոսով և տեղեկություններ տրամադրել ակցիայի վերաբերյալ:

Արդեն կեսօրին, երբ Epress.am-ի թղթակիցն ավարտել է աշխատանքը ու հեռացել է ակցիայի վայրից, նա նկատել է, որ կարմիր վերնաշապիկով մոտ 27 տարեկան մի երիտասարդ քայլում է իր կողքով: Տեսնելով, որ երիտասարդը չի հեռանում, լրագրողը կանգ է առել, ինչն արել է նաև անծանոթը: Լրագրողը հանել է տեսախցիկը ու սկսել է նկարահանել հետապնդողին: Տեսախցիկից դեմքը թաքցրած անծանոթը պարզել է միջնամատը ու հեռացել:

Այդ պահին մոտակա սրճարանից դուրս է եկել «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը՝ մի քանի տղամարդու ուղեկցությամբ, մոտ 10 րոպե կանգնել տարածքում, այնուհետ նստել է ծառայողական մեքենան ու հեռացել: Նրա մեքենայի ղեկին է նստել կարմիր վերնաշապիկով երիտասարդը, ով ավելի վաղ հետևել էր մեր լրագրողին:

Սրճարանի մոտ խմբված տղամարդկանցից մեկը հանել է հեռախոսը ու սկսել է նկարել լրագրողին՝ ասելով՝ «լավա, որ քեզ նկարում եմ», ինչին ի պատասխան լրագրողն ասել է՝ «ավելի վատ է, երբ հետևում են»: Տղամարդը բորբոքվել է, սպառնացել, թե՝ « հեսա կտենաս գլխիդ ինչ ա գալու, մի քանի ժամ համբերի», այնուհետև շրջվել է և հեռացել: