Home / Հայաստան / Դատարանը ջրծաղիկից մահացած զինվորի հարցով երկրորդ փորձաքննություն է ուզում

Դատարանը ջրծաղիկից մահացած զինվորի հարցով երկրորդ փորձաքննություն է ուզում

Ջրծաղիկից զոհված զինծառայողի իրավահաջորդի փաստաբանը պնդում է, որ նոր փորձաքննության կարիք չկա, գործին պետք է իրավական գնահատական տալ: 

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, չնայած մեղադրողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի` Մուշեղ Շուշանյանի առարկությանը, որոշել է, այնուամենայնիվ, խորհրդակցական սենյակում քննարկել երկրորդ անգամ բժշկական փորձաքննություն անցկացնելու հարցը:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Մուշեղ Շուշանյանը, իրենք բազմիցս ասել են, որ նոր փորձաքննության կարիք չկա, քանի որ այն հարցերը, որոնց պատասխանը դատարանը փորձում է ստանալ դրա միջոցով, իրավական գնահատականի են ենթակա, այլ ոչ թե փորձագիտական: Դատարանը, օրինակ, ցանկանում է պարզել՝ ինչու Հայկ Խաչատրյանի՝ Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելը կարատվել է ուշացումով՝  որոշումից մեկ օր անց, ինչպես նաև, թե կոնկրետ որ բաժնի հսկողության տակ է եղել Խաչատրյանը: Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար Շուշանյանը դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն նրան ասել են, որ այդ հարցերի մասին իրավական ակտեր չկան:

Նշենք, որ կրկնակի փորձաքննության հարցի քննարկումը նախաձեռնել է ինքը՝ դատարանը, դրա մասին միջնորդություն չի եղել: Այդ մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 25-ին կայանալիք դատական նիստում:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):