Home / Հայաստան / Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը ափսոսում է իր գործընկերոջ պահվածքի համար

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը ափսոսում է իր գործընկերոջ պահվածքի համար

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը պաշտոնապես հայտարարել է, որ մոլդովացի խորհրդարանական փաստաբան Աուրելիու Գրիգորիուի՝ ղարաբաղյան հակամարտության մասին Երևանում հնչեցրած կարծիքը չի արտացոլում Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը:

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը շաբաթ օրը հեռախոսով զրուցել է Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն,  Մոլդովայի օմբուդսմեն Անատոլի Մունթյանուի հետ՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Երևանում անցկացված համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Ինչպես հաղորդում է ՀՀ օմբուդսմենի գրասենյակը, Մունթյանուն, ով համակարգում է Մոլդովայի Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը, որի անդամ է Գրիգորիուն, հեռախոսազրույցից ժամեր անց ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին.

«Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են և նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղղությամբ:

Մոլդոլվայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:

Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապտեության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատույթունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար»:

Հիշեցնենք, որ Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայկական կողմին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանության», «ագրեսիայի» և «ադրբեջանական հողերի 20%-ի գրավման» մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան  գալուց երկու շաբաթ առաջ Մոլդովայի ներկայացուցիչը հերթական անգամ եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հյուրընկալվելով տեղի «Four seasons Baku» և «The Crown hotel 5 stars» հյուրանոցներում:

Այս փաստը բացահայտել է հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում Գրիգորիուի էջին, հայտնաբերել է, որ իրավաբանը անընդհատ գրում է Ադրբեջանի մասին, մեջբերում է նախագահ Իլհամ Ալիևին և տեղադրում նրա լուսանկարները, «թանկագին Ադրբեջանին շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ», սերտ կապեր ունի Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և Քիշնևում ադրբեջանական դեսպանատանը ընդունելությունների է մասնակցում: