Home / Հայաստան / Ամուսնուց դանակի 25 հարված ստացած կինը կյանքի կռիվ է տալիս. մանրամասներ

Ամուսնուց դանակի 25 հարված ստացած կինը կյանքի կռիվ է տալիս. մանրամասներ

29-ամյա Տաթևիկ Նիկողոսյանն այս պահին կյանքի կռիվ է տալիս. հունիսի 28-ին ամուսինը դանակով 25 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին, 2 տեղից խորը վնասվել է սիրտը, թոքերը բազմակի վնասվածքներ են ստացել, նույն վիճակում է նաև լյարդը:

Ընտանեկան բռնության այս դեպքի մասին swv.am կայքում ներկայացրել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Նելլի Բաբայանը:

Տաթևիկ Նիկողոսյանին բուժող Մալաթիա բուժկենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանի խոսքով՝  ապաքինվելու համար դեռ երկար շրջան պետք է անցնի, այժմ կինը վերակենդանացման բաժանմունքում է:

Բժիշկները Տաթևի մորն ասել են` բախտավոր աստղի տակ է ծնվել աղջիկը, մի փոքր ուշ տանեին հիվանդանոց, չէին կարողանա կյանքը փրկել: Մինչդեռ «բախտավոր աստղի տակ ծնված» այս կինը 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում պարբերաբար դաժանորեն ծեծի է ենթարկվել:

Ամուսնությունից մեկ տարի հետո Տաթևի ամուսինը` Տիգրան Համբարձումյանը, կնոջն արգելել է շփվել մոր և քրոջ հետ՝ պատճառաբանելով, թե իբր չի սիրում, երբ զոքանչը փեսայի տուն է գնում:

«Ես էլ ասեցի, դե ոչինչ, իրանք լավ լինեն իրար հետ, ես էլ չեմ գնա աղջկաս տուն, չեմ զանգի», – պատմում է Տաթևի մայրը` Թագուհի Մանուկյանը: Մոտ 10 տարի դստեր հետ ոչ մի առնչություն չունենալով՝ տիկին Թագուհու մտքով չէր էլ անցնում, թե աղջիկն ինչ տեսակի բռնությունների է ենթարկվել, ու չի համարձակվել հարազատներին տեղյակ պահել:

«Ես ծանոթներից էի տեղեկանում ոնց ա Տաթոն, մեկ-մեկ գալիս էր Մալաթիայի տոնավաճառ` ամուսնու մոտ, հեռվից նայում էի, տեսնում, որ լավ ա», – ասում է տիկին Թագուհին:  

Ավելի ուշ, երբ քույրը որոշել է գաղտնի շփվել Տաթևի հետ, պարզվել է, որ ամեն մի չնչին պատճառով Տիգրանը ծեծել է քրոջը.

«Մի անգամ էլի թաքուն գնացել էի Տաթոենց տուն, մեկ էլ պատահական սկեսուրը եկավ տղու տուն, ես մտա մահճակալի տակ, թաքնվեցի, բայց երեխայիս նույն մահճակալին տեսավ քնած: Ճիշտ է, ինձ չտեսավ, բայց արդեն հասկացան, որ ես գնում-գալիս եմ: Իմ էդ գնալուց հետո Տիկոն Տաթոյին կապրոնի խողովակով նենց էր ծեծել, ամբողջ մարմինը կապտել էր»:

Տաթևիկի 7-ամյա դուստրն էլ պատմել է, թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա, խնդրում եմ, մի արա, Տիգրանը սթափվել է ու չի վնասել:

«Մեզ ուղարկում էր տեղաշոր ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա, մի անգամ եմ զարթնել ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել»,- պատմում է Տաթևիկի 10-ամյա որդին` Հովհաննեսը:

Տիկին Թագուհու պատմելով էլ, ամուսինը Տաթևի ձեռքերն է այրել տաք պտուտակահանով, միայն այն բանի համար, որ տանը «կողքի» դրած գումարով կենցաղային մի քանի իր է գնել. «Ախր ո՞ր մեկը պատմեմ, մի անգամ էլ հարբած նենց ա ծեծել աղջկաս, որ աչքն ուռել էր ու փակվել, էդ մի սարսափելի տեսարան էր: Էն էլ ծեծել ա նրա համար, ինչ ա թե առանց ամուսնուն ասելու երեխայի հետ գնացել ա գրախանութ՝ տետր առնելու: Էդ ծեծից հետո աղջիկս զանգեց ասեց` մամա էլ չեմ դիմանում, վախենում եմ, ուզում եմ էրեխեքի հետ գամ ձեր մոտ: Ու թե մինչև էդ ինչքան ասում էր` ուզում եմ բաժանվեմ, ասում էի` չէ, մի բաժանվի, էս անգամ ասեցի` արի: Մեր նոր տան տեղը Տիկոն չգիտեր, ու 2 շաբաթ աղջիկս խաղաղ ապրեց, բայց հետո ինձ հետևեց, տան տեղն իմացավ, եկավ համոզեց Տաթոյին, հետ տարավ, խոստացավ, որ լավ կլինի: Բայց ի՞նչ լավ լինել, էլի նույն ծեծն ու ջարդը: Իրա ծնունդի օրը Տիկոն նենց էր ծեծել Տաթոյին, որ բժիշկն ասել էր` աղջիկ ջան էս տրակտո՞ր ա անցել վրայովդ: Էդ անգամ ոստիկանություն էինք կանչել, բայց գործ չհարուցվեց»:  

Դանակահարությունից առաջ, մոտ երկու ամիս Տաթևիկ Նիկողոսյանը երեխաների հետ բնակվել է մոր բնակարանում, այդ ընթացքում ամուսինը այցելում էր երեխաներին, շփվում զոքանչի ու կնոջ հետ ու կրկին խոստանում`փոխվելու է, միայն թե նորից միանան:

«Տիկոն միշտ ասում էր. «Տաթո երանի գաս ասես` Տիկո ես քո գերին եմ, ինչ ուզում ես արա, ուզում ես` մորթի»: Տաթոն ասում էր` Տիկո դու փոխվողը չես, արի բաժանվենք, նա էլ ասում էր` կմորթեմ իմը չլինես», – պատմում է տիկին Թագուհին:

Տաթևիկը նորից համաձայնվել էր հանուն երեխաների, մի անգամ էլ ներել ամուսնուն և արդեն որոշել էր`վերադառանալու է ամուսնու մոտ:

«Հունիսի 20-ին Տիկոն մեր տանն էր, իրար հետ կատակներ էին անում, կողքից մեկը որ տեսներ, կմտածեր`սրանց նման երջանիկ ընտանիք չկա: Բայց տղուն` Հովոյին, տարավ մոր տուն, հետո աղջկան` Անիին, գողացավ-տարավ ու հետ չբերեց. այդպես արեց, որ Տաթոն ստիպված վերադառնա: Հետո մենք գնացինք, գյուղից երեխեքին գողացանք, բերեցինք. էրեխեքն իրենք էին զանգել ու աղաչում էին մորը, որ գնար իրենց հետ բերեր»,- ասել է տիկին Թագուհին:

Դանակահարության դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Դեպքից մի քանի օր առաջ ամուսինը՝ կնոջ բնակության վայրում պարբերաբար շրջել է և սպասել հարմար պահի: Տիկին Թագուհու պատմելով, թեև իրենք չեն տեսել, բայց հարևաններն այդ երիտասարդին մի քանի անգամ նկատել են շենքի մոտ. «Մի անգամ պատուհանից նայեցինք, տեսանք Տիկոն ձեռով Տաթոյին ցույց ա տալիս` իբր կոկորդդ կկտրեմ: Էրեխես ահավոր վախեցել էր, տանից դուրս չէր գալիս, էրեխեքին էլ չէինք թողնում»: Չմտածելով, որ ամուսինն իրեն հետևում է, Տաթևիկը քրոջ հետ հունիսի 28-ին՝ երեկոյան խանութից վերադառնալիս` շենքի մոտ անակնկալի է եկել. հենց աստիճանների վրա, նախապես անջատելով մուտքի լույսը,  Տիգրան Համբարձումյանը, դանակով անընհդհատ հարվածելով ու կնոջ մազերից բռնած քարշ տալով, փորձել է աստիճաններից ներքև իջեցնել: Քրոջ ու հարևանների միջամտությունից հետո Տիգրանը փախել է:

«Երկու օր է աստիճանների արյունը լվանում են, չի անցնում: Աղջիկս արյան մեջ կորել էր, խեղճ էրեխեքն էլ իրենց մորը տենց արնաշաղախ տեսան, նե՜նց էին վախեցել: Տիկոն վերջն իրա ուզածին հասավ: Հիվանդանոցից ջղայնացած զանգեցի դրան, դա էլ կատաղած ասեց` ձեզ էլ եմ հասնելու», – պատմել է Տաթևի մայրը:

Տիգրան Համբարձումյանը նույն օրն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին:   

Նրան երկամսյա նախնական կալանքի են ենթարկել, մեղադրվում է սպանության փորձի մեջ: Տաթևիկի մայրը ասել է, որ փեսան պարբերաբար հոգեմետ միջոցներ և ալկոհոլ է օգտագործել: Մալաթիայի քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանն ասել է, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացել և չգիտի, թե արդյոք դեպքի օրը մեղադրյալը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել:

Համբարձումյանը այլ մանրամասներ չի հայտնել՝ պատճառաբանելով նախաքննական փուլի գաղտնիությունը: