Home / Հայաստան / Իշխանությունը պարտավոր է պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, կարծում է Սերժ Սարգսյանը

Իշխանությունը պարտավոր է պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, կարծում է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը համոզված է, որ իշխանություններ բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը,  ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Այս մասին հունիսի 29-ին պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր ձեռքբերում է: Առաջընթաց ունենք նաև գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման և տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը: Բայց ակնհայտ է, որ սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է:

Այո, հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով: Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք: Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, և մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք», – ասել է Սերժ Սարգսյանը:

Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը ասել է, որ իշխանությունները որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունեն:

«Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են: Գոնե ես այդպես եմ մտածում: Մենք մեր նախորդ քննարկումներից հետո հետևում ենք կատարվող աշխատանքներին: Կարևորում ենք բոլոր այն քայլերը, որ մեզ պիտի տանեն.

– էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացմանը: Մենք ժամկետներ ենք պայմանավորվել և խնդրում եմ հստակորեն այս ժամկետները պահպանել:

– գնումների հաշվետվությունների ստացմանը, վարմանը և սահմանված կարգով հրապարակմանը: Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք:

– գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությանը: Սա չափազանց կարևոր է: Եվ այս երեք միավորները մշտապես, իրոք, պետք է համակարգված աշխատեն և պետք է երևա համակարգողի դերը:

– բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:

– Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ», – ասել է Սերժ Սարգսյանը: