Home / Հայաստան / Հայաստանը պետք է քննարկի Ռուսաստանի հետ կապերը սառեցնելու հարցը. Հայրիկյան (ՎԻԴԵՈ)

Հայաստանը պետք է քննարկի Ռուսաստանի հետ կապերը սառեցնելու հարցը. Հայրիկյան (ՎԻԴԵՈ)

Պարույր Հայրիկյանը համարում է, որ Հայաստանը պետք է նոտա հղի Ռուսաստանին և քննարկի հարաբերությունները սառեցնելու հարցը: Նրա խոսքով՝ ռուսական իմպերիալիզմը խանգարում է Հայաստանի ինքնորոշմանը:

Հայաստանի չակերտավոր դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք վաճառելը պետք է առիթ դառնար, որպեսզի ՀՀ իշխանությունները նոտա ուղարկեին Ռուսաստան, քննարկեին Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելու, պայմանագրերը անվավեր ճանաչելու հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հնչեցրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա խնդրել է նկատել, որ ինքը հակառուսական հիստերիայի մեջ ընկնելու կոչ չի անում, բայց ռուսական իմպերիալիզմի դեմ հիստերիայի մեջ ընկնելն էլ քիչ է: ԱԻՄ առաջնորդն ասել է, որ ինքը անտրամաբանական է համարում ոչ միայն իշխանությունների, այլև հասարակության և ընդդիմության անտարբերությունը: Ըստ Հայրիկյանի՝ երբ Իսրայելը կամ Ուկրաինան էին զենք վաճառում Ադրբեջանին, քննարկումները ավելի շատ էին, քան հիմա՝ երբ դա անում է Հայաստանի դաշնակցի դիրքից հանդես եկող երկիրը՝ Ռուսաստանը:

«1920 թվականին ռուսական պետությունը զենք մատակարարեց Թուրքիային, և այդ ռազմական օգնության շնորհիվ քեմալական Թուրքիայի հարձակմանը դաշնակցականները չկարողական դիմադրել: Եթե ռուսական օգնությունը չլիներ, մեր ճակատագիրը այլ կլիներ, մենք կլինեինք տարածաշրջանի ուժեղ պետություններից մեկը՝ 30 միլիոն բնակչությամբ»,- ասել է Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի ծախսված գումարը բաժանել Հայաստանի քաղաքացիների վրա, ապա կստացվի, որ յուրաքանչյուր հայաստանցուն սպանելու համար Ռուսաստանը 500 դոլարի զենք է տրամադրում:  

Բանախոսը նշել է, որ Հայաստանում կորցնում են պատմական հիշողությունը, ինչը վկայում է, որ Հայաստանի ինքնորոշմանը խանգարում է ռուսական իմպերիալիզմը՝ անկախ այն բանից դա արվում է ցարական, կոմունիստական, թե պուտինյան Ռուսաստանի կողմից:

Հայրիկյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացմանը:

«Ով է լսել, որ, հարևան երկիրը թողած, գազ ներկրեն հեռու մի երկրից՝ նրա համար նախընտրելի գնով: Դա անում են, քանի որ մոռանում են, որ եթե 350 000 հայեր զոհված չլինեին պատերազմում, գուցե, Ռուսաստանի տարածքում հիմա գերմանացիներ ապրեին, ու գերմանացիներից գազ գնեինք», – ասել է նա: