Home / Հայաստան / Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու նպատակ երբևէ չի դրել, հայտարարել է Շավարշ Քոչարյանը

Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու նպատակ երբևէ չի դրել, հայտարարել է Շավարշ Քոչարյանը

Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցելու նպատակ երբևէ չի դրել: Civilnet.am-ի փոխանցմամբ՝ այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն է արել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի` հունիսի 26-ի արած հայտարարությանը, թե ինտեգրացիոն գործընթաներում Հայաստանը չի կարող որդեգրել «և-և» (և’ Եվրոպական միություն, և’ Եվրասիական միություն) հայեցակարգը, քանի որ ընդունելի է միայն «կամ-կամ» տարբերակը:

«Բանակցվող փաստաթղթերում խոսք չկա ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, խոսքը միայն դաշնակցության մասին է»,- ասել Քոչարյանը` հավելելով, որ բանակցություններն ընթանում են երկու ուղղություններով` թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ համագործակցության:

«Քանի դեռ դրված չէ կառույցներին անդամակցությանը խնդիրը, որևէ հակասություն չկա` միաժանակ լինել և՛ ԵՄ ազատ առևտրի գոտու անդամ, և՛ նույնն իրականացնել Եվրասիական միության հետ»,- ասել է փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վարշավայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին, հայտարարել էր. «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»: