Home / Հայաստան / Ցանկանում են պատժված չինովնիկների տեսնել. ԱԺ-ում դժգոհ էին ՎՊ նախագահից

Ցանկանում են պատժված չինովնիկների տեսնել. ԱԺ-ում դժգոհ էին ՎՊ նախագահից

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հնչած ելույթից հետո Պալատի աշխատանքները քննադատել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

«Պարոն Զաքարյան, դուք ամեն անգամ գալիս, ներկայացնում եք պետական կառույցներում արձանագրված խախտումներն ու թերությունները, բայց հետո դրանք որևէ ընթացք չեն ստանում, մինչդեռ բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ պատասխան են տալիս չինովնիկներն իրենց կողմից կատարված յուրացումների համար», – ասել է Աբրահամյանը:

Զաքարյանը պատասխանել է, որ իրենք հանդիպումներ են անցկացրել տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ և խնդիր են դրել, որ կառավարությունը պարզաբանի, թե ինչ են արել նախարարները Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները հրապարակելուց հետո: 

Զաքարյանի խոսքով՝ հիմանական խնդիրը գնումների համակարգում է, օրինակ՝  մրցույթում հաղթում է մի ընկերություն, որը ոչ արտադրող է, ոչ ներկրող:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, նկատել է, որ չարաշահումների մասին ՎՊ  հայտարարությունները, ըստ էության, հանցագործությունների մասին հաղորդումներ են,  և հարցրել է՝ արդյոք քրեական գործեր հարուցվել են իրավապահ մարմիների կողմից: 

Զաքարյանն ասել է, որ միայն մեկ խնդրի՝ Արդարադատության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակներից (ԾԻԳ) մեկի մասով է, որ ՎՊ-ն գլխավոր դատախազությանը նյութեր է ներկայացրել:

Այլ բացահայտումների մասին նոր նյութեր ՎՊ-ից ոչ ոստիկանությունը, ոչ դատախազությունը չեն պահանջել: