Home / Հայաստան / «Արմավիան» 5 միլիարդից ավել պարտք է բյուջեին. կառավարությունը դատարան է դիմել

«Արմավիան» 5 միլիարդից ավել պարտք է բյուջեին. կառավարությունը դատարան է դիմել

«Արմավիա» ավիաընկերությունը 2009 թվականից ի վեր 9 միլարդ 561 միլիոն դրամ է գանձել ուղևորներից օդի համար նախատեսված տուրքի տեսքով, սակայն դրա կեսից ավելին պետբյուջե չի վճարել: Այժմ ընկերության պարտքը կազմում է 5 միլիարդ 400 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով «Արմավիայի» պարտքերի մասին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:

Նշենք, որ 2009 թվականի մարտից օդի տուրքը  ներառվել է տոմսի գնի մեջ:

«Տույժի-տուգանքի ենք ենթարկվում փոքր բիզնեսներին հարկերը ուշացնելու համար, իսկ «Արմավիան» 2009  թվականաից ի վեր ուղևորներից տոմսի գնի հետ օդի փող է գանձել, ուստի անտրամաբանական է՝ ինչու չի վճարում», – ասել է Հովհաննես Մարգարյանը: 

Նախարարն իր պատասխանում նշել է, որ պետությունը նշված գումարը և տույժ-տուգանքները ստանալու նպատակով «Արմավիայի» դեմ հայցով դիմել է դատարան:

Մարգարյանը հույս է հայտնել, որ կառավարությունը հետամուտ կլինի, որպեսզի մինչև պարտքի վերջին լուման «Արմավիա» պետբյուջե վճարի: