2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Թուրքիային դուր չի եկել Հռոմի Պապի Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությունը

Պաշտոնական Անկարային դուր չի եկել Հայոց Ցեղասպանության մասին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա-ի հայտարարությունը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն ներկայացրել է իր տեսակետը և հիասթափությունը Անկարայում և Հռոմում Վատիկանի ներկայացուցիչներին», - թուրքական Hurriyet Daily News-ին հայտնել է թուրք դիվանագետը, ով չի ցանկացել ներկայանալ:

Նշենք, որ Հռոմի Պապն իր հայտարարությունն արել էր հունիսի 3-ին Հայոց կաթոլիկ  եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը Ցեղասպանությունից տուժածների ժառանգ է, ինչին ի պատասխան Ֆրանցիսկոս Ա-ն ասել էր. «Հայերի ցեղասպանությունն առաջինն էր 20-րդ դարում»:

Խնդրի առնչությամբ Hurriyet Daily News-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, ով նշել է, որ Հռոմի Պապը պատմական ճշմարտության մասին է խոսել:

«Թուրքիան պետք է չանտեսի ցավերը և առերեսի Ցեղասպանության փաստի հետ», - ասել է արքեպիսկոպոսը, ով, ի դեպ, ծնվել է Մալաթիա քաղաքում: