Home / Հայաստան / Չեխովի անվան դպրոցում ծեծված ծնողը պնդում է, որ մերկապարուհի չէ. մանրամասներ

Չեխովի անվան դպրոցում ծեծված ծնողը պնդում է, որ մերկապարուհի չէ. մանրամասներ

Երևանի Չեխովի անվան համար 55 դպրոցից հեռացված աղջկա մայրը երբեք չի աշխատել որպես մերկապարուհի, ինչպես պատահարից հետո պնդում էր դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը: Այս մասին դեպքից մեկուկես ամիս անց մամուլին հասցեագրած նամակում գրել է 9-րդ դասարանի աշակերտուհի Լիդիա Սարգսյանի մայրը՝ Նատալյան, ով մասնագիտությամբ դիրիժոր է:

Կինը նաև տարածել է լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ աղջիկը դպրոցում ավելի պատշաճ հագուստով էր, քան նրա համադասարանցիները:

Մայրը պատմել է, որ սկանդալից հետո դպրոցի տնօրինությունը համադասարանցիներից և նրանց ծնողներից պահանջել է չշփվել «մերկապարուհու աղջկա հետ»:

«Աղջկաս ոչ պատշաճ տեսքի մասին խոսելիս՝ տնօրեն Սարուխանյանը կրկին սխալ տեղեկատվություն է տարածում: Հայտարարում եմ՝ այդ օրը երեխայի արտաքին տեսքը ամբողջովին համապատասխանում էր աշակերտուհու կերպարին (առանց որևէ դիմահարդարման, պատառոտված հագուստի, ձեռնոցների և այլ նման պարագաների), ինչի մասին անգամ գոյություն ունի փաստաթղթային ապացույց (նույն օրն արված լուսանկարներ): Բացի այդ, կան նաև ապացույցներ, թե ինչպես են հագնված աշակերտուհիները, ում տեսքը «համապատասխանում» էր դպրոցի պահանջներին:  Ես չեմ ուզում մանրանալ և խորանալ Սարուխանյանի արարքի իրական պատճառների մեջ, հիմա կարելի է միայն գուշակել՝ ինչն էր դրդել նրան երեխային դպրոցից վռնդել: Դրա պատճառները, հավանաբար, եղել են «նյութապես շատ հարգելի»,- գրում է մայրը:

Նա պնդում է, որ տնօրեն Սարուխանյանը անչափահաս երեխայի հանդեպ անօրինական գործողություններ է իրականացրել: «Նա իրեն վստահված աշակերտուհու կյանքը ուղղակի վտանգի է ենթարկել, ինչը օրենքի հստակ խախտում է հանդիսանում: Տնօրենը առանց որևէ բացատրությունների աղջկան վռնդել է դպրոցից: «Իմ հանդեպ կոպիտ ֆիզիկական ուժ է կիրառվել ինչպես տնօրեն Սարուխանյանի, այնպես էլ իր ենթակաների կողմից: Սա հաստատվում է պետական բժշկական փորձագետի պաշտոնական փաստաթղթերով»,- հայտնում է Նատալյա Սարգսյանը:

Նամակում նա ներկայացրել է նաև դեպքի ժամանակագրությունը. «Ապրիլի 23-ին, ժամը 08:35-ին տնօրեն Գայանե Սարուխանյանը աղջկաս վռնդել է դպրոցից՝ ասելով. «…այս ինչ տեսք ունես, երբ հագուստդ փոխես, այդ ժամանակ էլ աչքիս կերևաս…»: Անչափահաս երեխան, հնավարություն չունենալով գնալ տուն (չունենալով ոչ տան բանալիներ, ոչ  բջջային հեռախոս), ստիպված է եղել առանց իր անվտանգության համար պատասխանատու մարդկանց վերահսկման դրսում մնալ ավելի քան 5 ժամ:

Ժամը 14:30-ին ես անձամբ դիմել եմ կրթության նախարարություն՝ 610 սենյակ: Ինձ ընդունած աշխատակիցը կապվեց կրթության քաղաքային բաժնի հետ և ասաց, որ ինձ սպասում են համար 55 դպրոցում՝ պետք է գնամ և ամեն ինչ տեղում պարզեմ: 30 րոպե անց ես եկա դպրոց: Տնօրենի սենյակ մտնելուց առաջ ես միացրեցի բջջային հեռախոսիս ձայնգրիչը՝ զգուշանալով իրավիճակի երկակիությունից և հետևանքներից: Տնօրեն Սարուխանյանը նստած էր իր գրասեղանի մոտ, և ես սկսեցի զրույցը: Խոսքս ընդհատելով՝ Սարուխանյանը հարցրեց, թե արդյոք ես ձայնագրիչ սարք ունեմ, և պահանջեց, որ անձնական իրերս (դրամապանակ և բջջային հեռախոս) թողնեմ քարտուղարի սենյակում: Ես զանգեցի կրթության նախարարություն և ասացի, որ տնօրեն Սարուխանյանը հրաժարվում է ինձ հետ հանդիպել և խոսել: Ինչին ես ստացա պատասխան՝ «եկեք նախարարություն և բողոք գրեք»:

Գնալով քարտուղարի սենյակ, որտեղ գտնվում էին դպրոցի ուսուցիչներն ու տնօրեն Սարուխանյանը, խնդրեցի ինձ տալ հանդիպումից և զրույցից հրաժարվելը հաստատող գրավոր փաստաթուղթ՝ միաժամանակ բջջային հեռախոսիս միջոցով տեսագրելով Սարուխանյանի՝ ուսուցչին «սազական» և «համապատասխան»  վարքագիծը: Սարուխանյանը, դեպի ինձ շրջվելով, ձեռքիցս խլեց բջջային հեռախոսս՝ միաժամանակ երեսիս շշից ջուր շփելով: Ես Սարուխանյանից պահանջեցի վերադարձնել իմ սեփականությունը: Սարուխանյանը հայտարարեց, որ հեռախոսս ինձ կվերադարձնի միայն այն դեպքում, եթե համաձայնեմ ջնջել հենց նոր կատարած տեսագրությունները:

Շարունակելով պահել հեռախոսս և փորձելով ինձ դուրս մղել գրասենյակից՝ Սարուխանյանը ներկա գտնվող ուսուցիչներին խնդրեց իրեն օգնության կանչել դպրոցի պահակ Գարիկ Թորոսյանին: Եկան պահակն ու զինպատրաստվածության ուսուցիչը: Սարուխանյանը սեփականությունս (բջջային հեռախոս) փոխանցեց պահակ Թորոսյանին, և նա, պահելով հեռախոսս, կոպիտ ֆիզիկական ուժ գործադրելով, ձեռքերս բռնելով և քաշքելով, սկսեց ինձ դուրս բրդել գրասենյակից՝ այդ ընթացքում պատռելով վզիս զարդը: Զարդը ընկավ գետնին, ինչին Սարուխանյանը հայտարարեց. «վերցրեք ձեր էժանակագին զարդը և գնացեք այստեղից»: Ես ասացի, որ կրում եմ այն, ինչ վաստակում եմ. ես չեմ գողանում կամ ապրում ուրիշների հաշվին (ճիշտ է արդյոք որ դպրոցի տնօրենն ու մանկավարժը այսպիսի նյութական գնահատական է տալիս ծնողներին և աշակերտների արտաքին տեսքի վերաբերյալ պահանջներ ներկայացնում՝ միևնույն ժամանակ հնարավոր համարելով դպրոց ղեկավարել թանկարժեք զարդեր (ադամանդե ականջօղեր և մատանի) կրելով: Առանց սենյակից դուրս գալու ես կրկնում էի սեփականությունս վերադարձնելու մասին պահանջներս: Պահակ Թորոսյանն ու ներկա ուսուցիչները ֆիզիկական ուժ գործադրելով, քաշքշելով և բրդելով ստիպում էին ինձ դուրս գալ սենյակից: Նրանք ճնշել և դռան բազմաթիվ հարվածներ են հասցրել ինձ, ինչի հետքերը երևում են լուսանկարներում և ինչը հաստատել է դատաբժշկական փորձագետը: Թորոսյանը հեռախոսս փոխանցեց գրասենյակում գտնվող ուսուցիչներին:

Մի քանի րոպե անց դուրս եկավ Սարուխանյանը և աներեսորեն ինձ հարցրեց, թե ինչ է պատահել, թե ինչու եմ այդքան անհանգստացած: Որոշ ժամանակ անց դուրս եկավ Թորոսյանը, ով խոսում էր իր բջջային հեռախոսով: Ես հետևեցի նրան՝ չդադարելով ներկայացնել հեռախոսս վերադարձնելու մասին պահանջներս: Թորոսյանը խոսում էր իմ բջջային հեռախոսի մոդելին համապատասխան հեռախոսների միջից ձայնագրություններ հեռացնելու հնարավորությունների մասին: Սա ապացուցում է իմ ձայնագրիչի միջոցով կատարած ձայնագրությունը, որում հստակ լսվում է՝  ինչպես են ուսուցիչները կանչում իմ հեռախոսը ապօրինի կերպով պահող և ինձ այն վերադարձնել խոստացող պահակին: Արհամարհելով պահանջներս՝ Թորոսյանը շարունակում էր շրջել դպրոցում, այնուհետև՝ մտավ տնօրենի գրասենյակ:

15 րոպե անց հեռախոսս հայտնաբերեցի տնօրենի ընդունարանում: Հեռախոսիս մեջ կային գաղտնի անձնական գրություններ (կոդեր, էլեկրոնային, բանկային հաշիվների գաղտնաբառեր և հասցեներ, անձնական փաստաթղթերի պատճեններ): Թե ով, որտեղ և երբ կարող է դրանք օգտագործել, կարելի է միայն ենթադրել: Տեղում ստուգելով հեռախոսիր վրա գտնվող տեղեկատվությունները՝ անձնական տեսագրություններ չհայտնաբերեցի:

2013 թվականի ապրիլի 25-ին որոշում ընունեցի երեխայիս մեկ այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու մասին»: