Home / Հայաստան / «Մխսվող գումարներ և անխուսափելի ֆիասկո». Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանի մասին

«Մխսվող գումարներ և անխուսափելի ֆիասկո». Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանի մասին

3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Այս մասին այսօր ասել է Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը:

Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում:

Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց», – հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է:

«Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես, փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին:

Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել», – ասել է Սարգսյանը: