Home / Հայաստան / «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ զոհվել է էքսկավատորի վարորդը

«Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ զոհվել է էքսկավատորի վարորդը

Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքում՝ ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա, կա տուժած:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները չեն կարողացել մեքենայով մոտենալ դեպքի վայրին ճանապարհի անանցանելիության պատճառով, և մի հատվածը անցել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք և սարքավորում­ներ):

ԱԻ նախարարության հաղորդագրության համաձայն, աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տ., 10-15 խ.մ ժայռաբեկոր, ինչի հետևանքով վարորդը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ա. Խալաթյանը տեղում զոհվել է:

Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չի եղել կիրառել ծանր տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Հիշեցնենք, որ «Մեգաէներջի» ընկերության կողմից կառուցվող «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի դեմ են Գետահովիտ համայնքի բնակիչները՝ պնդելով, որ շինարարությունն ապօրինի է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է շինարարական գործունեություն ծավալել արգելավայրերում: Գյուղացիները և բնապահպանների բողոքներից հետո առաջին նախագիծը մերժվել էր, սակայն հետագայում երկրորդ նախագիծը հավանության է արժանացել:

Բնապահպանները նշում են, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի տեղադիրքը կապված է Արջատխլենու և Իջևանի արգելավայրերի ու նրանց պահապանման գոտիների հետ, իսկ ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի և ջրահեռացման կոորդինատների համադրմամբ պարզել ենք, որ նախատեսվող ՓՀԷԿ-ի ջրառը և խողովակաշարը գտնվում են Իջևանի արգելավայրի տարածքում:

«Այդ իսկ պատճառով միանշանակ է, որ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջների համաձայն, ըստ որի արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը», – ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված պահանջում գրել էին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և Համահայկական Բնապահպանական Ճակատի անդամներ Մերի Խաչատրյանն ու Լևոն Գալստյանը: