Home / Հայաստան / Ստամբուլի կենտրոնում ցրել են ակտիվիստներին. տասնյակ տուժածներ և ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Ստամբուլի կենտրոնում ցրել են ակտիվիստներին. տասնյակ տուժածներ և ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում հետ կանգնել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող Գեզի այգին քանդելու ու դրա փոխարեն առևտրի կենտրոն և զորանոցներ կառուցելու գաղափարից: Երեկ ոստիկանության ուժերը հատուկ դաժանությամբ ցրել են ակտիվիստներին, ովքեր պայքարում են Գեզիի պահպանման համար:

Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, ցուցարները վերջին 4 օրերի ընթացքում խոչընդոտել են բուլդոզերների աշխատանքը, որոնք այգում ծառեր էին կտրում: Հինգշաբթի մոտ 5000 ցուցարարներ գիշերել են այգում, իսկ արդեն ուրբաթ ոստիկանությունը վճռական գործողությունների է դիմել:

Ցուցարարներին ցրելու նպատակով իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: Համաձայն պաշտոնական տվյալների, 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, տուժածներից մի կին ծայրահեղ ծանր վիճակում է: Ոչ պաշտոնական տվյալներով տուժած ցուցարաների թիվը հասնում է 100-ի:

Ոստիկանությունն ավիրել է ցուցարարների վրանները՝ մաքրելով այգին: Ավելի քան 60 մարդ բերման է ենթարկվել: Ի պաշտպանություն Ստամբուլի ցուցարաների, բողոքի ցույցեր են եղել նաև Իզմիրում և Անկարայում:

Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և մտավորականներ դատապարտել են անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ:

Ըստ «Ամնեսթի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության՝ Թուրքիայի իշխանությունենրը պետք է ոստիկաններից պահանջեն դադարեցնել ուժի կիրառումը ցուցարարների դեմ և անմիջապես հետաքննել բռնության դեպքերը:

«Այս աստիճանի բռնության կիրառումը ժխտում է խաղաղ բողոքի իրավունքը», – ասել է «Ամնեսթի Ինթերնեյշնլ»-ի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալհույսենը:

Նա նշել է, որ խաղաղ ցուցարարների դեմ սահմանափակ տարածքում արցունքաբեր գազի կիրառումը, երբ դա կարող է լուրջ վնասվածքեր հասցնել մարդկանց առողջությանը, անընդունելի է, խախտում է մարդու իրավունքների միջազգային չափանիշները և պետք է անմիջապես դադարեցվի: