Home / Հայաստան / Նույնասեռականությունից մինչև նախագահի ինստիտուտ. քննարկում Ազատության հրապարակում

Նույնասեռականությունից մինչև նախագահի ինստիտուտ. քննարկում Ազատության հրապարակում

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Նախախորհրդարան» շարժման նախաձեռնող խմբի հանդիպումը քաղաքացիների հետ, որի նպատակն էր  ներկայացնել Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը: Մինչ ելույթները Մերուժան Ավետիսյանը հայտնել է ներկաներին, որ մայիսի 17-ի հանրահավաքի մասին հայտարարելուց հետո շատացել են Նախախորհրդարանի անդամների և համակիրների վրա ճնշումները, ընդհուպ մինչև կյանքի դեմ անուղղակի սպառնալիքներ են եղել Ժիրայր Սեֆիլյանին, սոցիալական ոլորտի աշխատակիցներ ներկայացած որոշ մարդիկ  կասկածելի հարցուփորձ են արել Գարեգին Չուգասզյանի հարևանների շրջանում:

Գարեգին Չուգասզյանը համառոտ ներկայացրել է  ժողովրդի կամքի արտահայտմամբ նոր իշխանության հասնելու իրենց չորս քայլից բաղկացած ծրագիրը: Դրա համաձայն՝ նախ ժողովրդի ինքնակազմակերպմամբ պետք է ստեղծվի ռեժիմին դիմադրելու ցանց, քաղաքացիների հետ պետք է կնքվեն պայմանագրեր, կազմվի նախախարհրդարանի պատգամավորների թեկնածուների ցանկ, որով էլ կկազմվի անցումային կառավարությունը:

Ելույթից հետո հնչել են բազմաթիվ հարցեր այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, ինչպես պետք է մարդկանց հետ պահել արտագաղթելուց և այլն: Եղել են նաև ելույթներ տարբեր մարզերից, ինչպես նաև արտասահմանից եկած մասնակիցների կողմից:

Գարեգին Չուգասզյանը, անդրադառնալով արտագաղթի թեմային, ասել է, որ արտագաղթը հարցի լուծում չէ, և մենք ոչ թե «այլ ափերում պետք է բախտ որոնեք, այլ կերտենք պետությունը մեր հայրենիքում»: Նա բերել է Իսպանիայի օրինակը, որտեղ մեծաթիվ հայեր են մեկնել բնակություն հաստատելու նպատակով, սակայն երբ վրա հասավ տնտեսական ճգնաժամը, առաջին հերթին տուժեցին հենց միգրանտները:

Մոտ 60 տարեկան մի տղամարդ, ով ներկայացել է որպես ֆիզիկոս, բեմահարթակից քննադատել է հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը: Նա պնդում էր, որ եթերից միտումնավոր նույնասեռականության քարոզ է արվում:

«Երեկ 10 րոպե ցույց էին տալիս միասեռականների ամուսնությունը Ֆրանսիայում: Երբ մի հայ մարդ մի լավ գործ է բռնում, ցույց տալուց առաջ հիշում են, որ եթերը թանկ արժե, փող են ուզում», – ասել է բանախոսը:

Գարեգին Չուգասզյանն էլ մեկնաբանել է, որ միասեռականների իրավունքների հարցը կա ողջ աշխարհում, և այն պետք է լուծում ստանա նաև Հայաստանում: «Կան բնական միասեռականներ և կա նաև քարոզի խնդիրը, և այդ հարցը բանավեճի թեմա է ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում», – ասել է նա:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, երկրում կան շատ այլ սոցիալական խնդիրներ, և նույնասեռականության հարցը առաջնայինների շարքից չէ:
Հարց է հնչել նաև այն մասին, թե ում է «Նախախորհրդարան»-ն առաջարկելու որպես Հայաստանի ղեկավար, ինչին Չուգասզյանը պատասխանել է, որ «Նախախորհրդարան»-ը միայն կազմակերպում է անցումային կառավարության ստեղծումը, և այդ մարմինն է հետագայում որոշելու՝ Հայաստանն ինչ կառավարման համակարգ է որդեգրելու:

«Շատ հնարավոր է, որ մենք ընդհանրապես լուծարենք նախագահի ինստիտուտը», – նշել է Չուգասզյանը:

Բացի վերոնշյալ ծրագրից՝ «Նախախորհրդարան»-ն առաջարկում է նաև  քաղաքացիական անհնազանդության դիմել: Չուգասզյանը հարկ է համարել հիշեցնել, որ այն ամենը, ինչ իրենք առաջարկում են, սահմանադրական իրավունքերի մեջ է մտնում: