Home / Հայաստան / Արքայազն Չարլզի հետ ճաշին մասնակցելու «մուտքավճարը» մինչև 35 հազար դոլար է եղել. աղբյուր

Արքայազն Չարլզի հետ ճաշին մասնակցելու «մուտքավճարը» մինչև 35 հազար դոլար է եղել. աղբյուր

ՀՀ նախագահի նստավայրում նախօրեի երեկոյան Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի պատվին տեղի է ունեցել պաշտոնական ճաշկերույթ:

Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ ճաշկերույթին, Սերժ Սարգսյանից ու արքայազնից բացի, ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Մեծ Բրիտանիայից եկած գործարարներ:

«Սակայն հայ գործարարների զգալի մասը չի մասնակցել այդ ճաշկերույթին, քանի որ ի սկզբանե նրանց համար բավական լուրջ նախապայման է առաջ քաշվել. արքայազնի հետ ճաշելու համար պետք էր «Երևան, իմ սեր» հիմնադրամին հանգանակություն կատարել 15-35 հազար դոլարի սահմաններում: Ու հենց այս «մուտքավճարի» պատճառով էլ շատերը հրաժարվել են մասնակցելուց՝ «բալը թանկ» համարելով», – գրում է «Ժողովուրդ»-ը:

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, թերթի հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ արքայազն Չարլզի այցը Հայաստան մասնավոր է, և նրա մասնակցությամբ միջոցառումների վերաբերյալ լրատվություն կարելի է ստանալ «Երևան, իմ սեր» հիմնադրամից:

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզի այցի նախաձեռնողը ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանն է: