Home / Հայաստան / Գրողը հրաժարվել է Սերժ Սարգսյանի շնորհած մեդալից

Գրողը հրաժարվել է Սերժ Սարգսյանի շնորհած մեդալից

Արձակագիր Լևոն Խեչոյանը հրաժարվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հանրապետության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը երեկ պետական պարգևներ և կոչումներ է շնորհել մի խումբ անձանց, այդ թվում՝ Խեչոյանին: «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում գրողը, պատճառաբանելով իր քայլը, ասել է, որ չի կարող ընդունել այդ մեդալը, երբ երկրում այս չափերի արտագաղթ կա և երբ իր եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, նստացույց են անում:

Նա նշել է, թե, գուցե, մի քիչ ինքն էլ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

«Գուցե, լավ չեմ գրել իմ գրքերը, մարդկանց չեմ կարողացել համոզել…», – ասել է Խեչոյանը: Թերթի թղթակցի դիտարկմանը, թե գուցե ինքը գրել է, կարդացողները լավ չեն կարդացել, պատասխանել է, որ արվեստի գործը տարածության մեջ բնազդով է ընկալվում:

Նշենք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են երեկ պարգևատրվել նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանը, ամերիկահայ բարերար Բաբկեն Մկրյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ են ստացել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Քաջազուն Գյուրջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Արտյուշա Կարապետյանը, դուդուկահար Գեորգի Մինասյանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը, հասարակական-պետական գործիչ Խաժակ Դրամփյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: