Home / Հայաստան / Հոգեբուժարան տեղափոխված կինը հիվանդ չէ, նրան սպառնում էին, պատմել են հարևանները

Հոգեբուժարան տեղափոխված կինը հիվանդ չէ, նրան սպառնում էին, պատմել են հարևանները

Երևանի Կոմիտասի 56 շենքի 23 բնակիչները գրություն են պատրաստել՝ ուղղված ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչներն այդ գրության տակ դրված ստորագրություններով հաստատում են, որ իրենց հարևանուհին՝ բռնի կերպով հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանը, հոգեկան խնդիրներ չի ունեցել և խնդրում են նրան դուրս բերել հոգեբուժական կլինիկայից: Այս մասին իր այսօրվա համարում գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը իր նախորդ համարում անդրադարձել էր միայնակ ապրող տարեց կնոջ խնդրին՝ նշելով, որ Նազարեթյանը ոստիկանության միջամտությամբ հոգեբուժարան է տեղափոխվել այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ու լարված հարաբերություններ է ունեցել իր բնակարանի տակ գտնվող «Իդեալ» խանութի հետ:

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից թերթին փոխանցել են, որ դիմում-բողոքը ստացել են «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից: Դրա տակ ստորագրել էր 4 հոգի:

Ամալյա Նազարեթյանի հարևանները թերթի հետ զրույցում մեկ անգամ ևս պնդել են, որ նրա վարքում արտառոց ոչինչ չեն նկատել, մանավանդ շրջապատի համար վտանգ նրանից երբևէ չեն զգացել, հաստատել են, որ կինը խնդիրներ է ունեցել նաև նշված սրճարանի հետ:

«Իդեալ»-ի վարձակալությամբ զբաղեցրած տարածքը պատկանում է նշված սրճարանի տիրոջ եղբորը՝ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանին:

Հարևանուհիներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, պատմել է, որ «Իդեալի» «տղաները» Նազաթեթյանին պարբերաբար դիմել են, թե տունդ մեր անունով գրի, քեզ լավ կպահենք: Հարևանուհին պատմել է նաև, որ գիշերները Նազարեթյանին երբեմն զանգահարել են սրճարանից և ասել՝ շտապ օգնության մեքենան քեզ է սպասում, իջիր գնա:

Ավանի հոգեբուժական կլինիկայում թերթի թղթակցին ասել են, որ մասնագիտական հետազոտությունները վկայում են, թե կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Կլինիկայի տնօրեն Արեգա Հակոբյանը նշել է, որ Նազարեթյանն ընդունվել է «սուր հոգեշարժական գրգռված վիճակում»:

«Զառանցական հիվանդ է, զառանցաբար է մեկնաբանում շրջապատը: Նա բավականին ծանր հիվանդ է ու վտանգավոր», – ասել է տնօրենը՝ թույլ չտալով «ՀԺ»-ի թղթակցին հանդիպել կնոջ հետ:

Լրագրողը զրուցել է նաև սրճարանի ներկայացուցիչների հետ, ովքեր ասել են, թե տարիներ շարունակ Նազարեթյանն իրենց կողքով անցնելիս-դառնալիս անպատվել է, անիծել է, նրանց համբերության բաժակը լցվել է ու դիմել են ոստիկանություն: Սրճարանի տնօրենի խոսքով՝ նման քայլով իրենք ուղղակի ցանկացել են սաստել իրենց շարունակ անիծող, այցելուների մոտ խայտառակող կնոջը:

Թերթի թղթակիցը նշում է, որ սրճարանի տնօրենը Նազարեթյանի անհավասարակշիռ պահվածքի մասին վկայող մի շարք ականատեսների հետ հանդիպում կամ հեռախոսազրույց է կազմակերպել:

«Այդուհանդերձ, ակնհայտ է, որ տարեց կինը որևէ մեկի համար լուրջ վտանգ չի ներկայացրել, թեև ինչ-ինչ զորեղ ուժերի թեթև ձեռքով հայտնվել է հոգեբուժարանում:

Մինչ այս նա հաշվառված չի եղել որպես հոգեկան հիվանդ: Հարևաններից մեկն, ի դեպ, նկատեց, որ կնոջ հետ պատահածի պատճառներն ավելի շատ պետք է փնտրել նրա քաղաքացիական դիրքորոշման մեջ. «Ինքը իր ու իր շրջապատի իրավունքների պաշտպանն էր՝ տեղական նշանակության»», – գրում է թերթը:

Նշենք, որ մայիսի 27-ին Նազարեթյանին է այցելել ՄԻՊ գրասնեյակի արագ արձգանքման խումբը: 168.am-ի հետ զրույցում ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը նշել է, որ արագ արձագանքման խումբը, փաստաթղթերն ուսումնասիրելով, արձանագրել է, որ «ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում»:

«Ինչպես կարգն է, դիմել են դատարան և նրան նշանակել են բուժում», – ասել է ՄԻՊ խոսնակը: Նաիրա Կարմիրշալյանը նաև տեղեկացրել է, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը հիվանդանոցում տեսել է Ամալյա Նազարեթյանին, սակայն նրա հետ չեն զրուցել. «Նրան քնաբեր են տված եղել, ինքը զրուցել չի կարողացել»: