Home / Հայաստան / «Copy-past են անում, անուններն են խառնում». փաստաբանները խոսել են գործադուլի պատճառներից

«Copy-past են անում, անուններն են խառնում». փաստաբանները խոսել են գործադուլի պատճառներից

Հունիսի 10-ին և 11-ին փաստաբանները գործադուլ են անելու՝ ի նշան բողոքի Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ ընդունելու հարցում դրսևորվող կայամականանությունների: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են հինգ փաստաբաններ: Ակցիան նախաձեռնել են 50 փաստաբաններ, սակայն ենթադրվում է, որ գործադուլին կմիանան ավելի քան 500-ը:

Հիշեցնենք, որ փաստաբանները նույն խնդրի մասին բարձրաձայնել էին նաև անցյալ տարի հունիսի 10-ին նախաձեռնած գործադուլով:

«Մեկ տարի անցել է, սակայն ոչ մի բան չի փոխվել Վճռաբեկ դատարանի գործելաոճի մեջ: Շարունակում է անկանխատեսելի մնալ»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ հիշեցնելով, որ դատական համակարգի բարձրագույն մարմինը հայցերի 95%-ը վարույթ չի ընդունում, իսկ վարույթ չընդունելու կամ հայցը մերժելու որոշումը չի հիմնավորում:

Լրագրողներից մեկը նկատել է, որ Վճռաբեկը քիչ վարույթներ ընդունելը բացատրում է նրանով, որ դատարանը կարող է միայն «լուրջ» գործերը քննել:

Ալումյանն ասել է, որ նախ ամեն հայցվորի համար իր գործը լուրջ է, իսկ որոշ դեպքերում Վճռաբեկը կարող էր լինել միակ ատյանը, որը ստորադաս դատարանի որոշումը կարող է քննել, օրինակ, այն գործերում, երբ կալանքի որոշում կայացնում է Վերաքննիչ դատարանը, կամ երբ Վերաքննիչը վարչական գործերով առաջին ատյանի որոշմանը հակասող՝ քաղաքացուն դեմ որոշում է կայանցում:

«Այսինքն՝ քաղաքացին չի ունենում գոնե մեկ ատյան իր դեմ որոշումը բողոքարկելու»,- ասել է Ալումյանը:

Փաստաբան Գևորգ Դավիթյանը, ով գործադուլի նախաձեռնողներից է, ասել է, որ Վճռաբեկ դատարանի օրինական գործունեությունը կարևոր է, քանի որ եթե այդ դատարանն իր տեղում լինի, առաջին ատյանի դատարանը ավելի զգոն կլինի և գուցե խուսափի մեծ ու փոքր սխալներ կատարելուց:

«Որոշ դեպքերում վարույթ հարուցելու մերժումը copy-past են անում, երբեմն անուններն էլ են խառնում»,- ասել է փաստաբանը:

Ըստ նախաձենռության անդամների՝ վճռաբեկ դատարանը չի հիմնավորում գործը վարույթ չընդունելու մասին որոշումներ:

«Գրված է՝ հիմքերը բավարար չեն: Փաստաբանը ի՞նչ կարող է հասկանալ այս  հիմնավորումից՝ ինչն է սխալ արել, որ ուղղի», – ասել է Դավիթյանը:

Այն հարցին, թե ինչպես են տեսնում խնդրի լուծումը՝ փաստաբաններն ասել են, որ իրենք «ջերմաչափն» են և ահազանգում են խնդրի մասին: Լուծումը, ըստ նրանց, ոչ այնքան օրենսդրական բարեփոխման, այլ դատարանի գործելակերպի փոփոխության հարց է:

«Մենք դեմ չենք օրենսդրական բարեփոխումներին արդեն 18 տարի, սակայն խնդիրը առաջինը գործող օրենքով չշարժվելն է», – ասել է Հայկ Ալումյանը: Ըստ նրա՝  փորձ է արվում դատարանի հիմնական հարցը շեղել դեպի այն, թե դատարանի ձգձգում է գործերի քննությունը: Իրականում՝ դա 20-երորդական հարց է: Առաջնային է Վճռաբեկ դատարանի գործունեության որակի փոփոխությունը: