Home / Հայաստան / «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է եղել». Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել դատարանում

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է եղել». Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել դատարանում

Երեկ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների դատարանում անցյալ տարի հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված և հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով ցուցմունք է տվել «Հարսնաքարի» սեփականատեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ դատարանում նա ամեն կերպ փորձել է համոզել, որ ինքն ընդհանրապես տեղյակ չի եղել ռեստորանում տեղի ունեցածի մասին: Թերթը նշում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայրապետյանը դեպքի պահին գտնվել է ռեստորանային համալիրում և տեղեկացված է եղել տեղի ունեցածի մասին:

«ՉԻ»-ն գրում է, որ երեկ Հայրապետյանը պատմել է, որ միջադեպի մասին տեղեկացել է դեպքի օրը՝ հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Իրեն ասել են, որ կռիվ է եղել, որից տուժող մարդ է եղել: Դրանից հետո ինքը զանգահարել է ներկայումս ամբաստանյալ Նորայր Հայրապետյանին՝ ցանկանալով իմանալ տեղի ունեցածի մանրամասները, նաև հարցրել է՝ «հո մարմնական վնասվածքներ չե՞ն ստացել»: Նորայրն էլ պատասխանել է, որ ռազմաբժիշկներն իրենց ոտքով հանգիստ հեռացել են ռեստորանային համալիրի տարածքից: Հայրապետյանի խոսքով՝ ինքը հետագայում է իմացել, որ ռազմաբժիշկներից մեկը՝ Վահե Ավետյանը, հիվանդանոցում է և վիրահատության է ենթարկվում:

Հայրապետյանը դատարանում ասել է, որ փոքր տարիքից ճանաչում է ամբաստանյալներին, բացի Գարիկ Մարգարյանից՝ «իրենք այդ մարդիկ չէին, որ կարողանային այդպես ագրեսիվ տենց բան անել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է եղել»:

Հայրապետյանը նշել է, որ ունի շուրջ 1900 աշխատակից, և որ ինքը չի կարող պատասխան տալ, թե ինչ է նրանցից ամեն մեկն անում աշխատանքից հետո: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ դեպքի ժամանակ համալիրի տարածքում չի եղել, եթե այնտեղ լիներ՝ ոչ տուժողները, ոչ ամբաստանյալները «չէին համարձակվի նման բան անել»: Հայրապետյանը դժգոհություն է հայտնել, որ իրեն մեղադրել են հանցագործությունների մեջ, քանի որ ինքը ոչինչ չի արել և ոչինչ չի իմացել: Խոսելով Վահե Ավետյանի մահվանից հետո հասարակության լայն շերտերում բարձրացած դժգոհության և «Հարսնաքարի» ու իր տան մոտ բողոքի ցույցերի մասին, նա այդ ամենն անվանել է «քաղաքական շոու» և նշել է, որ ինքը գիտի, թե ովքեր են պատվիրել և վճարել իր տան մոտ բողոքի ցույց անելու համար: