Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը մոբիլիզացվել էր. «Թշնամին»՝ Արմավիրի գյուղացին է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը մոբիլիզացվել էր. «Թշնամին»՝ Արմավիրի գյուղացին է

Կեսօրից հետո Արմավիր-Երևան ավտոճանապարհով ընթացող ոստիականական մեքենաների թիվը զարմացրել էր նույնիսկ լրագրողներին, ովքեր առավոտից լուսաբանում էին կարկուտից տուժած արմավիրցիների բողոքի ակցիան: Նկատելով մեքենաների լուսային ազդանշանները` մարդիկ զարմացած կանգ էին առնում ու միմյանց հարցնում էին՝ «էսքան միլիցա, էսքան մեքենա ո՞ւր էր գնացել, կամ որտեղից են գալիս, ի՞նչ ա, կարող ա՞ պատերազմ ա սկսվել, վրեքներս խաբար չկա»:

Բողոքողները զայրացած նշում էին, որ ոստիկաններին տարել էին Արմավիրի ըմբոստացած գյուղացիներին պատժելու՝ աչքները վախեցնելու:

«Թշնամին»՝ Արմավիրի մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչներն էին, ովքեր ի նշան բողոքի  հավաքվել էին Երևանի հետ կապող ավտոճանապարհին և որոշել փակել այն: Նրանք մեքենաներով ու սեփական մարմնով փակել էին մայրուղին՝ պահանջելով վնասի փոխհատուցում: Չնայած ոստիկանության վարչության պետի ու մարզպետի հորդորներին, մի քանի ժամ անընդմեջ գյուղացիները հրաժարվում էին բացել ճանապարհը: Նշված վայր էին ժամանել Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Գագիկ Ավետիսյանը և բանակցություններ սկսել բողոքող մարդկանց հետ:

Մայրուղու երկու կողմերում նստած գյուղացիները մի քանի ժամ խցանման մեջ են պահել ավտոճանապարհը, ավելի ուշ, երկարատև բանակցություններից հետո, հեռացել են՝ խոստանալով  նույն ակցիան կազմակերպել նաև հինգշաբթի օրը, եթե ֆինանսական փոխհատուցման իրենց պահանջը չկատարվի: Դրան զուգահեռ Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Եթե խոսքը գնում է փոխհատուցման մասին, չի լինելու փոխհատուցում, լինելու է օգնություն: Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև աշխարհի զարգացած երկրները նույնիսկ չեն կարող փոխհատուցել կրած վնասները»:

Մինչ մայրուղու երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում էր, տարածքում աշխատող լրագրողները, այդ թվում՝ Epress.am-ի թղթակիցը, ուղևորվել են Երևան, սակայն մի քանի կիլոմետր չանցած, նկատել են Արմավիր ուղևորվող ոստիկանական մեքենաների շարասյունը և հետ են վերադարձել Արմավիր:

Epress.am-ի թղթակիցը տեսանկարահանել է շարասյունը: Ստորև ներկայացված տեսանյութում նախ պատկերված են բողոքող գյուղացիները, ապա դեպի բողոքի վայր ընթացող ոստիկանական շարասյունը, որը բողոքավորների կողմից լքված տարածքում պտույտ կատարելով վերադառձել է մայրաքաղաք: